Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Երեխաների պաշտպանության օրվա առիթով
Երեխաների պաշտպանության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ազգի բոլոր մանուկներին՝ հայցելով, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք:
Աղոթում ենք, որ նրանք հասակ առնեն Աստծո օրհնության ու սիրո ներքո, լինեն արժանավոր զավակներն իրենց ընտանիքների, մեր հավատավոր ժողովրդի, գովարժան վարքով շենացնեն մեր Հայրենիքը և հավելեն փառքն ու պատիվը ազգիս հայոց:
Մեր պատգամն ենք ուղղում նաև ծնողներին, որպեսզի սիրեն մեր մանուկներին, ինչպես Տերը սիրեց, և մշտական գուրգուրանքի և ուշադրության առարկա դարձնեն նրանց: Թող նաև յուրաքանչյուր հայորդի իր կարողությունների սահմանում նպաստի, որպեսզի մեր մանուկները երջանիկ ապրեն, լինեն ազգի աստվածասեր ու հայրենասեր զավակներ:
Օրհնությամբ՝
Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց