Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վեհափառ Հայրապետի գրության մեջ մասնավորապես ասված է. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը:
Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր ձեռքբերումներով արդյունավորվեն Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ ի նպաստ մեր եղբայր ժողովուրդների բարօրության և դարավոր բարեկամության ամրապնդման»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Երկնավոր Տերը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի Վրաստանը և նրա հավատավոր ժողովրդին` պարգևելով նորանոր հաջողություններ նորընտիր նախագահին: