Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահին 10.05.2017

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին:

«Ֆրանսիան եղել և շարունակում է լինել Եվրոպական ընտանիքի հզոր ու առաջատար պետություններից մեկը, որ այսօր կարևոր ավանդ է բերում աշխարհում համամարդկային արժեքների տարածման ու խաղաղության հաստատման գործում։ Ֆրանսիայի ժողովուրդը առաջիկա տարիներին պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը վստահեց Ձեզ՝ հավատալով Ձեր կարողություններին, դավանած արժեքներին ու փորձառությանը:

Մենք վստահ ենք, որ Ձեր նախագահության շրջանին պիտի շարունակեն խորանալ փոխհարաբերությունները Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որոնց համար ամուր հենք են մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում», - նշված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում։

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթել է, որ Բարձրյալն Աստված զորակից լինի նորընտիր նախագահին և պարգևի արդյունավոր գործունեություն՝ ի բարօրություն Ֆրանսիայի բարեկամ երկրի: