Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները
Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը, քաղաքամայր Երևանում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ:
Առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, հայոց պետական ավագանին, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Անդրադառնալով համայն հայ ժողովրդի համար նշանակալից այս օրվա խորհրդին` Մուշեղ Սրբազանն ասաց. «…Ապրիլի 24: 2017 թվական։ Հարյուր և ավելի տարիներ։ Այլևս չկա սերունդը. չկան մարդիկ, որոնք ապրել, վերապրել են արհավիրքը։ Չկան նրանք, ովքեր տեսել, զգացել եւ փորձելով փորձել են մոռանալ այն։ Անգամ նրանք էլ չկան, որ ծնվել էին այդ օրերին, եւ պատմում էին մեզ անպատմելի դեպքերն ու անցքերը, որ դեռ անուն չունեին։
Աստվածաստեղծ մարդը դեռ նման բան չէր տեսել։ Կայենից հետո մարդասպանությունը նոր որակ ստացավ։ Նմանը նմանին սպանելու, բնաջնջելու օսմանյան ոճիրը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ կոչվեց։ Եվ առաջինը հայը, հայը նահատակ դարձավ եւ, որքան էլ ցավալի, աշխարհին վկայեց մարդկային մի նոր նախճիրի` Եղեռնի մասին, լուռ խոսնակը դառնալով անարդարության։
Ազգը մեր կորցրեց ամեն ինչ. ամենամեծ արժեքները՝ հայրենիքի մի ստվար հատված եւ մի ամբողջ սերունդ, որ երկնել էր հազարավոր այրված ձեռագրեր, կառուցել էր հրկիզված քաղաքներ ու գյուղեր, կանգնեցրել էր ավերակ դարձած հազարավոր եկեղեցիներ …:
Ազգը, որ կյանքի սկիզբը դարձավ, Արարատի բարձունքից կենսատու ավիշ սրսկելով ջրահեղձ երկրի վրա, այս անգամ էլ սրբազան լեռան փեշերը ոռոգեց իր սրբարար արյամբ։ Ազգը մեր փորձվեց։ Ազգը հայոց հոգևոր սխրանքի ճանապարհին կանգնեց և մեկ անգամ ևս ապացուցեց, որ «ազգ սուրբ և ընտրեալ» է։ Հավաստեց և խոստացավ, որ անգամ ի գին մեկ և կես միլիոն իր զավակների չի թեքվի Քրիստոսից, չի գնա հայրենիքից:
Ազգը մեր հետևեց Տիրոջը, հանձն առավ իր խաչը, կրկնեց Գողգոթան և հարութենակից եղավ Քրիստոսին։ Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտում, Արցախում հաղթեց մահվանը։ Հայտնվեցինք ֆիզիկապես ոչնչանալու եզրին, բայց այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան ու Արցախ և համայն աշխարհում ապրող 10 միլիոնից ավել հայրենակիցներ: Հետևաբար՝ Աստված մեզ չթողեց միայնակ, այլ փրկեց մեզ չարից ու նրա գործակիցներիցների հեռուն գնացող ծրագրերը փոշիացրեց»:
Սրբազան Հայրը խոսեց նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին. «Այսօր սուգը ուրախության չի փոխվել, այլ համոզումի եւ գիտակցության, որ մենք՝ մարդիկս, հայ մարդիկս, արժանին ենք մատուցել բոլորին, ովքեր վասն հավատո և հայրենյաց դրեցին իրենց գլուխները: Մենք էլ մեր գլուխներն ենք դնում, խոնարհվում և ծնրադրում նրանց սրբազան հիշատակի և սրբացած մասունքների առջև և հայցում, որ Ամենակարող Աստված, հարուցյալ Հիսուս խաղաղություն պարգևի աշխարհին համայն։ Թող երբեք ոչ մեկը Եղեռն չտեսնի։ Թող ոչ մի ազգ տարագիր չլինի։ Եվ թող ժպիտը, խինդն ու աղոթքը թևածեն ամենուր։
Մենք ճանաչեցինք Հայոց Եղեռնը, վերապրեցինք և հաղթահարեցինք այն, հայտարարեցինք սրբությունը նրա նահատակների, ճանաչեցինք և ընդունեցինք. մեզ հետ նաև շատերը։ Մեր շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր մշտապես հայ ժողովրդի կողքին են եղել, կան և կմնան»:
Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ Ցեղասպանություն հասկացությունը պետք չէ դիտարկել պարզապես մարմնական ոչնչացման տեսանկյունից և որ այն այսօր էլ տեղի է ունենում կրոնական, մշակութային, բարոյական և ընկերավարության ասպարեզներում` մարտահրավեր նետելով մարդկությանը կամ ցեղասպանվելու, կամ այլոց օրինակն ունենալով՝ պայքարելու և անգամ պատրաստ լինելու կյանքի գնով հաղթահարելու յուրաքանչյուր փորձություն:
Սրբազանը հավելեց, որ մեր սուրբ նահատակներից յուրաքանչյուրը ոգու և հավատքի սխրագործության օրինակ է, որը պետք է ամենքի համար այսօր դառնա կյանքի ուղեցույց` Հայոց Եղեռնի հարությամբ կրկնապատկելու մեր ոգեկանությունը, վերաարժևորելու և խմբագրելու մեր հետագա ընթացքը:
Արարողության ավարտին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բարեխոսական կարգ:
Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ: