Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վիեննա` մասնակցելու միջազգային գիտաժողովի
Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վիեննա` մասնակցելու Ավստրիայի Գիտությունների ակադեմիայում կայանալիք «Կովկասյան այբուբենների ստեղծումը իբրեւ պատմական մշակութային երեւույթ» թեմայով միջազգային գիտաժողովին` նվիրված հայոց գրերի գյուտի 1600-ամյակին:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կողջունի մասնակիցներին: Քառօրյա գիտաժողովի ընթացքում հայ եւ օտարազգի գիտնականներն ու հոգեւորականները կներկայացնեն մեկ տասնյակից ավելի զեկույցներ կովկասյան այբուբենների առանձնահատկությունների եւ մասնավորապես հայոց գրերի, դրանց նշանակության ու դերի մասին:
Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանի եւ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Վեռներ Զայփթի նախաձեռնությամբ միջազգային գիտաժողովը կազմակերպել են Ավստրիայի Գիտությունների ակադեմիան, Վիեննայի համալսարանի բյուզանդագիտության բաժինը եւ գիտական ուսումնասիրություններով զբաղվող Ավստրահայկական ուսանողական ընկերությունը:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը եւ Տ. Վազգեն աբեղա Նանյանը` իբրեւ գավազանակիր: