Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներին
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանների հինգ աշակերտների, ովքեր Հայ Եկեղեցու պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայում զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Աշակերտներին ուղեկցում էին դպրոցի տնօրեն տիկին Սուսաննա Վարդանյանը և հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը։
Տեր Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր երախտագիտությունը հայտնեց կրթական հաստատության հանդեպ ցուցաբերվող ուշադրության և հայրական խնամքի համար։
Իր հայրական օրհնությունը փոխանցելով աշակերտներին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ սերտել Հայ Եկեղեցու պատմությունը նշանակում է նաև կրթվել աստվածասիրության և հայրենասիրության ոգով։
Նորին Սրբությունը հորդորեց մրցանակակիր աշակերտներին նոր ուժով ու եռանդով սովորել ու շարունակել գիտելքներ ամբարել, որպեսզի կարողանան իրենց օգտակարությունը բերել ազգին՝ դառնալով Հայրենիքի արժանավոր զավակներ։
Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը բերեց դպրոցի տնօրենին, հոգևոր տեսչին և մանկավարժներին կրթադաստիարակչական գործում իրենց նվիրական առաքելությունն արժանիորեն իրականացնելու համար։