Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը
Հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տավուշի թեմի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու հողօրհնեքը կատարվել էր դեռևս 2015 թվականին: Եկեղեցաշինական ծրագրի իրականացման բարերարներն են տեր և տիկին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Մաքսիմ Աթայանցը, Արմեն Կարապետյանը և Նորայր Թևանյանը:
Տավուշի մարզի սահմանագլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և մարզպետ Հայկ Չոբանյանը, որից հետո Վեհափառ Հայրապետն իր շքախմբով ուղևորվեց Դիլիջան: Կառուցվելիք եկեղեցու մոտ Նորին Սրբությանը դիմավորեցին աղուհացի ավանդական արարողությամբ:
Հիմնօրհնեքի սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, եկեղեցու բարերարները, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ավրորա» միջազգային ֆորումի մասնակիցները, Դիլիջանի բնակիչներ:
Արարողության սկզբում սաղմոսների երգեցողության ներքո կառուցվելիք եկեղեցու հիմքերում տեղադրվելիք 16 քարեր լվացվեցին ջրով ու գինով, ապա հանձնվեցին ընտրված 16 կնքահայրերին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց վեմքարերը, որոնք կնքահայրերի կողմից տեղադրվեցին առաքյալների, ավետարանիչների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող վեմերի հիմքում:
Արարողության ավարտին ներկաներին ողջունեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազան Հայրը, իր ուրախությունը հայտնելով Դիլիջան քաղաքի եկեղեցու հիմնօրհնեքի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Այսօր Դիլիջան քաղաքի 475-ամյակն է: Ես չեմ կարող ասել, թե ի´նչ սկզբնավորությամբ են որոշել 475-ամյակը, բայց վստահաբար կարող եմ վկայակոչել Գրիգոր Մագիստրոս Պահլավունի զորավար մտավորականին, թե այս դրախտավայրում մարդիկ մոռանում են մահվան մասին: Այսօր այս եկեղեցու հիմնօրհնեքով, Վեհափառ Հայրապետի ձեռամբ քարերի օծումով, մենք վերստին վկայում ենք մահվան մասին մոռանալու վերաբերյալ: Հատկապես ուզում եմ ասել, որ սա արդարության պատասխանն է ժամանակների մեջ գործված այն մեղքին, որ մենք մեր ձեռքերով քանդեցինք աստվածային տներն այս քաղաքում, վերածեցինք ամեն ինչի, բացի Աստծո ներկայության կարևորագույն հոգեվիճակի: Մենք այսօր դրա պատասխանն ենք տալիս՝ փորձելով այս ճանապարհով սրբել մեղքը բոլոր նրանց, ովքեր իմանալով կամ չիմանալով գործեցին այն»:
Բագրատ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Տավուշի թեմի հանդեպ ցուցաբերած հայրական հոգածության համար: