Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին, ձեռնարկվող միջոցառումներին և այդ շրջագծում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խոսեցին Մերձավոր Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակի և հայ համայնքներին շարունակաբար զորակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։
Զրույցի ընթացքում արծարծվեց նաև տարբեր երկրներում հայոց սրբավայրերի և մշակութային բազմադարյա ժառանգության պատշաճ պահպանության հարցը։