Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներն ավարտած եկեղեցականների հետ
Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ քահանա հայրերը վերապատրաստման ընթացքում հնարավորություն ստացան թարմացնելու իրենց աստվածաբանական, ծիսական և պատմական գիտելիքները:
Վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Ուկրաինայի հայոց թեմի Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Աբգար քահանա Գըլըճյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին Մայր Աթոռում նման դասընթացների կազմակերպման համար՝ վստահություն հայտնելով, որ ձեռքբերված գիտելիքներն առավել կնպաստեն հոգևոր ծառայության արդյունավորմանը։
Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց հոգևոր հայրերին՝ գոհունակություն հայտնելով վերապատրաստության ծրագրի վերականգնման առիթով: Վեհափառ Հայրապետը կարևորեց Մայր Աթոռում անցկացվող վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին համախմբվելու, միմյանցով զորանալու, միասնաբար մտորելու հոգևոր հարցերի շուրջ, ինչպես նաև հոգևոր փորձառությամբ փոխանակվելու։ Իր խոսքում Նորին Սրբությունը հորդորեց քահանա հայրերին սերտացնելու փոխգործակցությունը համայնքների միջև հոգեխնամ առաքելությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։
Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց հոգևորականներին ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն մատուցած իրենց նվիրյալ ու անսակարկ ծառայության համար։