Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի և Արցախի Հանրապետության նախագահի հետ
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցավ հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:
Նորին Սրբությունը հոգևոր դասի անունից մտահոգություն հայտնեց հայրենի երկրում տեղ գտած քաղաքական զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով: Վեհափառ Հայրապետը կարևորեց, որ քաղաքական գործընթացները լինեն անցնցում և օրինականության շրջանակներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համընդհանուր ջանքերով, երկխոսության միջոցով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծման պիտի առաջնորդվի՝ նկատի առնելով ազգային շահերը, ի մասնավորի՝ Արցախի ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքը և հայոց պետականության անսասանությունը:
Առկա իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ լուսաբանություններ տվեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահները, պատասխանեցին հոգևոր դասի հարցումներին:
Զրույցի ընթացքում կարևորվեց հայրենիքում ներքաղաքական կայունության ապահովումը և գործընթացների իրականացման ճանապարհին օրենքի և սահմանադրության անխաթար պահպանումը: