Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով գտնվում է Իտալիայում
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի և վարչական խորհրդի հրավերով մեկնեց Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու հովվության հոգևոր կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները:
Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Միլանի օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ և Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, ինչպես նաև եկեղեցու վարչական խորհրդի ատենապետ տիար Սարո Խուդավերդին, վարչականներ և պաշտոնյաներ:
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով և Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի ու վարչականների ուղեկցությամբ հանդիպեց Միլանի Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Գերաշնորհ Մարիո Դելպինիի հետ:
Միլանի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանի եպիսկոպոսական մատուռում կատարվեց միասնական աղոթք, ապա հանդիպումը շարունակվեց առաջնորդարանի պատվո հյուրերի համար նախատեսված գահասրահում:
Հայրապետական այցի առաջին օրն ամփոփվեց Միլանի Հայ տանը, ուր Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Միլանի եկեղեցու հովանու ներքո գործող Միլանի երիտասարդական կազմակերպության վարչական խորհրդի և բազմաթիվ երիտասարդների հետ: Հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում Նորին Սրբությունը լուսաբանություններ տվեց հայորդիներին հուզող հարցերի վերաբերյալ, խոսեց Սփյուռքում հայ ինքնության, ազգային-հոգևոր արժեքների պահպանման կարևորության, երիտասարդությունից Եկեղեցու ակնկալիքների և եկեղեցական կյանքում երիտասարդների ներգրավվածության մասին: