Ամավերջյան հանդիսություն Սեւանի Վազգենյան Դպրեվանքում
Սույն թվականի հուլիսի 9-ին Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցում տեղի ունեցավ դպրեվանքի 2001-2002թթ. ուսումնական տարվա ամավերջյան հանդիսությունը:
Հանդիսության ընթացքում տարեվերջյան հաշվետվությամբ հանդես եկավ դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը` մասնավորապես անդրադառնալով հոգեւոր կրթօջախի ուսումնակրթական, կրոնա-եկեղեցական կյանքին եւ ապագայի ծրագրերին:
«Իմ պատկերացմամբ Վազգենյան Դպրանոցը եւ յուրաքանչյուր հոգեւոր հաստատություն մի Թաբորական լեռ է, որի գագաթին հասնելը կարող է իրականանալ միմիայն աննվազ եւ անհատնում աշխատանքի, տեւական ձգտումի եւ անշարժելի հավատքի շնորհիվ: Այս ճանապարհը բռնած ամեն անհատ, որքան էլ սայթաքումներ եւ անկումներ ունենա, ի վերջո, կարժանանա ոչ միայն այլակերպվելու, այլ որ էականն է` այլակերպելու մեծագույն շնորհի: Մենք պարզապես կոչված ենք այլակերպելու, պայծառակերպելու մեզ վստահված ածուն, որը կյանք կստանա սոսկ մեր հավատարմությամբ` հավատարմություն Աստծո գործի, Հայ Եկեղեցու անցյալի, ներկայի եւ ապագայի, մարտիրոսների արյան եւ այսօր մեզ խնամող բոլոր հոգատար ձեռքերի վստահության հանդեպ», - ասաց տեսուչ Հայր Սուրբը:
Հանդիսության ընթացքում դպրանոցի քառաձայն երգչախմբի կողմից կատարվեցին հոգեւոր եւ ազգասիրական երգեր, հնչեցին բանաստեղծություններ, իրենց խոհերն արտահայտեցին դպրանոցի ներկայիս եւ նախկին շրջանավարտներ: Հանդիսության ավարտին տեղի ունեցավ ուսանողների մրցանակաբաշխություն:
Փակման արաողությանը ներկա էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան հոգեւորականներ, դասախոսներ եւ հյուրեր:
Այս տարի դպրեվանքն ունեցել է հիսուն ուսանող, որոնցից ութն ավարտեցին հնգամյա ուսումնական ընթացքը: