Ամավերջյան հանդիսություններ Գեւորգյան ճեմարանում եւ Վազգենյան դպրանոցում
Այս տարի Գեւորգյան ճեմարանն ավարտեց 19 ուսանող
Հունիսի 16-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանի դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 2002-2003թթ. ուսումնական տարվա ամավերջյան հանդիսությունը: Ճեմարանի 123 ուսանողներից այս տարի վերջին լսարանն ավարտեց 19-ը:
Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանի բացման խոսքից հետո, ավանդույթի համաձայն, ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավագ քհն. Սարգսյանը ներկայացրեց ճեմարանի ընթացիկ տարվա գործունեությունը` ապա ներկաներին իր օրհնության խոսքն ու պատգամն ուղղեց Վեհափառ Հայրապետը:
Գեւորգյան Հոգեւոր ճեմարանը, որ տարիներ ի վեր եղել է Հայաստանի միակ հոգեւոր բարձրագույն հաստատությունը, անցած տարվանից կառավարական որոշմամբ ճանաչվեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Այս առիթով ճեմարանի տեսուչը ներկայացրեց այն նոր ձեռնարկումները, որ իրականացվել են ճեմարանում: Մասնավորապես ստեղծվել են մասնագիտական 4 ամբիոններ` աստվածաբանության, եկեղեցագիտության, լեզվաբանության, պատմության եւ իմաստասիրության, որոնց շնորհիվ համապատասխան առարկաների ուսուցումը դառնում է առավել հիմնավոր եւ համալսարանական չափանիշներին համապատասխան:
Ճեմարանի աշխատանքները գոհացուցիչ համարեց նաեւ Նորին Սրբությունը եւ վստահություն հայտնեց, որ առաջիկայում եւս պատմական ճեմարանը կարձնագրի նորանոր հաջողություններ:
Ամավերջյան հանդիսության գեղեցիկ ավանդույթներից է նաեւ ուսման առաջադիմությամբ ու կարգապահությամբ աչքի ընկած ուսանողներին նվերների հանձնումը: Այս անգամ Վեհափառ Հայրապետը մրցանակներ հանձնեց յուրաքանչյուր լսարանից երեքական ուսանողի: Մրցանակներ էին սահմանվել նաեւ կատարյալ վարքի, ինչպես նաեւ մամուլին լավագույն թղթակցության համար:
Հանդիսության ընթացքում ճեմարանցիները, ինչպես միշտ, ներկայացան նաեւ գեղարվեստական ծրագրով:
***
Հանդիսության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը հանձնեց եւս մեկ պարգեւ: Նորին Սրբությունը Տ. Ներսես արք. Պոզապալյանին փոխանցեց 1700-ամյակի ոսկյա հուշամեդալ, որ Անգլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու վարչության կողմից շնորհվել է Սրբազան Հորը` թեմին բերած երկարատեւ ծառայության համար:
Ամավերջի հանդիսությունը Սեւանի Վազգենյան դպրանոցում
Հունիսի 15-ին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում եւս ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողություն էր:
Արարողությանն իրենց մասնակցությունն էին բերել կրթօջախի նախկին շրջանավարտներ, Մայր Աթոռից ժամանած միաբան հայրեր, դասախոսներ եւ հյուրեր:
Հանդիսության ընթացքում ներկաներին ողջունեց դպրանոցի նորանշանակ տեսուչ Տ. Գարեգին աբեղա Հարութունյանը` մասնավորապես նշելով. «Զարմանք ապրեցի, եւ միեւնույն ժամանակ հիացա` տեսնելով Սեւանի խստաշունչ ձմեռվա ու դպրանոցի սուղ պայմաններում ապրող ուսանողությանը, որոնք աննկուն ոգու դրսեւորմամբ ուսանում են եւ իրենց աղոթքը բարձրացնում առ Աստված: Մեր երախտագիտությունն ենք բերում բոլոր այն անձանց, ովքեր նպաստել են այս աննկուն ոգու կերտմանը»:
Ուսման ընթացքում վազգենյանցիները ակտիվորեն մասնակցում են նաեւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր կյանքին ու սպասավորությանը: Այս առիթով թեմի առաջնորդական տեղապահ Տ. Դերենիկ վրդ. Դավթյանն ընդգծեց դպրանոցի կարեւոր նշանակությունն ու առաքելությանը թեմական կյանքում:
Դպրանոցի 16 շրջանավարտներն արդեն իսկ հաջողությամբ հանձնել են ամավերջյան քննությունները եւ եկող տարի իրենց ուսումը կամբողջացնեն Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի ավարտական լսարանում: