Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում քննարկվեցին Արցախին վերաբերող մի շարք հարցեր…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ազգային գրադարանային շաբաթա շրջանակում կազմակերպվել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով սեմինար-քննարկում, որին իրենց մասնակացությունն ունեցան գիտնականներ, հետազոտողներ, ոլորտով հետաքրքրված մասնագետներ: Բանախոսներին և ներկաներին ողջունեց Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը: Արժանապատիվ Տեր Հայրը կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ոլորտի մասնագետներին համակողմանի անդրադառնալ առկա խնդիրներին և առաջարկել լուծումներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը զեկույց ներկայացրեց «Սուրբ Էջմիածնի դերը Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գործում» թեմայով: Նա ներկայացրեց իր ղեկավարած գրասենյակի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու ծրագրերը:
Մշակույթի վաստակավոր գործիչ, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը բանախոսության ընթացքում անդրադարձավ Արցախի պատմաճարտարապետական հուշարձաններին, հատկապես՝ եկեղեցիներին ու վանքերին:
ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի դասախոս, ք.գ.թ. Սիրանուշ Մելիքյանի զեկույցի առանցքը հոգևոր-մշակութային անվտանգության հիմնախնդիրների նոր օրակարգն էր՝ Արցախյան երրորդ պատերազմից հետո: Բանախոսն ուշադրության արժանացրեց այս ոլորտում առկա խնդիրները՝ ազդարարելով դրանց անհապաղ լուծման անհրաժեշտությունը:
«Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը եզրափակեց միջոցառումն իր «Արցախի հոգևոր, պատմամշակութային ժառանգությունը «Գիտական Արցախ» պարբերականի էջերում» բանախոսությամբ: Սեմինար-քննարկման վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում, առանձնացվեցին մի շարք կարևոր խնդիրներ, որոնց մեջ առանցքայինը «Արցախ» մատենագիտության կազմման անհրաժեշտությունն էր: