«Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի կազմակերպիչներին` գլխավորությամբ Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու, փառատոնի հոգևոր խորհրդատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:
Հանդիպման սկզբում Վարդան Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց «Ֆրեսկո» փառատոնի արձանագրած հաջողությունները` ուրախությամբ փաստելով նաև, որ այն անցկացվել է Հառիճավանքում, իսկ փակման հանդիսավոր արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:Ապա Նորին Սրբությանն իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին փառատոնի կազմակերպիչները` շնորհակալություն հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցուցաբերած աջակցության համար:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչներին` կարևորելով վերջինիս նպատակը` հոգևոր-մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների ամրապնդմանը և հոգևոր արժեքների տարածմանը:
Շնորհավորելով փառատոնի անցկացման կապակցությամբ` Նորին Սրբությունը մասնավորապես ողջունեց երիտասարդության դերակատարությունը փառատոնի կազմակերպման գործում, ինչպես նաև այն, որ փառատոնը հնարավորություն էր ընձեռում սոցիալական խոցելի խավերի ներկայացուցիչներին մասնակից դառնալ միջոցառումներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց հանրության կյանքից ներս հոգևոր-բարոյական արժեքների զորացմանն ուղղված նման նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Վերստին իր գնահատանքը հայտնելով հոգևոր ֆիլմերի փառատոնի նախաձեռնողներին` Նորին Սրբությունը բարի ընթացք մաղթեց փառատոնին և վստահություն հայտնեց, որ այն իր ծանրակշիռ և ուրույն տեղը կգրավի ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային մշակութային կյանքում: