Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին 07.10.2011
Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախագահների այցը համայն հայության հոգևոր կենտրոն, գոհունակություն հայտնեց երկու դարավոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջև ամենաբարձր մակարդակի վրա ձևավորված հարաբերությունների համար, որոնք առավել զարգանում, ջերմանում և համագործակցության նոր ընդգրկում են ձեռք բերում:

Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի ժողովրդի եղբայրական սերն ու ջերմությունը, ինչի ականատեսն է եղել Ֆրանսիա կատարած հովվապետական այցերի ընթացքում: ՙՁեր այցը Հայաստան մեր երկիր ուրախությամբ է համակել ինչպես մեր, այնպես և մեր ողջ ժողովրդի հոգին: Մեր ժողովուրդը քաջագիտակ է և հաղորդ, որ իր կյանքի դժվարին ժամանակներում Ֆրանսիայի ժողովուրդն իր մարդասեր ու արդարասեր էությամբ մշտապես աջակից է եղել իրեն՚, - նշեց Նորին Սրբությունը` երախտագիտություն հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:

 
Հայոց Հայրապետն օրհնությամբ և գնահատանքով ընդ•ծեց նաև Ֆրանսիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, քրիստոնեական լավատեսությամբ և հույսով կարողացան իրենց հոգևոր-ազգային կյանքը կազմակերպել Ֆրանսիայի մեջ և այսօր, որպես արժանավոր քաղաքացիներ, իրենց կարևոր ծառայությունն են բերում Ֆրանսիայի առաջընթացին և բարօրությանը:


Մեր ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտության զգացում ունի հանդեպ Ֆրանսիան և իր ժողովուրդը նաև այն զորակցության համար, որ ցուցաբերվում է Ցեղասպանության ահավոր ոճրի ճանաչման և դատապարտման գործին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և մեր Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի պաշտպանությանը՚, - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:

Մեծ պատիվ է Հայաստանում գտնվել` վկայելու մեր երկու երկրների բարեկամությունը՚, - իր հերթին ասաց Ֆրանսիայի նախագահը` ուրախություն հայտնելով հանդիպման առիթով: Ընդգծելով Հայ Եկեղեցու և նրա հովվապետերի դերը հայ ազգի ինքնության ու միասնության պահպանման գործում` պրն. Նիկոլա Սարկոզին իր հարգանքը հայտնեց Հայ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին և հաջողություններ մաղթեց կարևոր այդ առաքելության իրագործման մեջ:


Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց Ֆրանսիայի նախագահին և հայցեց, որ Բարձրյալ Տերն Իր օրհնության ներքո խաղաղության և բարօրության մեջ պահի ու պահպանի երկու ժողովուրդներին և երկրներին:


Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Սուրբ Էջմիածնի միաբաններ:


Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեցին Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում, ուր նրանց ներկայացվեցին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի նվիրական սրբությունները: