Ֆրանսիայի Թեմի նորընտիր Առաջնորդ այցելություն տվեց Հայաստանի Հանրապետության դեսպան Էդվարդ Նալբանդյանին
Հունիսի 26-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Թեմի նորընտիր Առաջնորդ Տ. Նորվան Եպիսկոպոս Զաքարյանը պաշտոնական այցելություն տվեց Հայաստանի Հանրապետության դեսպան Էդվարդ Նալբանդյանին: Սրբազան Հոր շքախումբի մաս էին կազմում Թեմական Պատգամավորական Ժողովի Ատենապետ` Տիար Կարպիս Ջրբաշյանը, Թեմական Խորհուրդի Ատենապետ` Տիար Գրիգոր Փափազյանը, քարտուղարներ` Տ. Գրիգոր Աբեղա Խաչատրյանը, Տիար Ժակ Փանոսյանը եւ գանձապահ` Գեղամ Թորոսյանը:
Այցելության նպատակն էր հարգարժան Դեսպանին ներկայացնել նորընտիր Առաջնորդ հորը եւ նորակազմ Թեմի առաջիկա ծրագրերն ու աշխատանքները:
Նախ Թեմական Խորհուրդի Ատենապետ Տիար Գրիգոր Փափազյանը հակիրճ ներկայացրեց Թեմական կազմավորման հակիրճ պատմությունը` վստահեցնելով, որ վերջինս ամեն ջանք պիտի գործադրի որպեսզի ֆրանսիաբնակ մեր համայնքը համախմբվելով եկեղեցու շուրջ` լավագույնս դրսեւորի իր կարելիություններն ազգային-եկեղեցիական կյանքից ներս:
Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության Դեսպան Էդվարդ Նալբանդյանը բարի գալուստ մաղթեց բոլորին: Շնորհավորելով նորընտիր Առաջնորդին` նա իր ուրախությունը հայտնեց Տ. Նորվան Եպիսկոպոս Զաքարյանի ընտրության համար, որը այնպիսի անձնավորություն է, ում կատարած գործերն արդեն խոսում են իր մասին: Պարոն Դեսպանը նաեւ նշեց, որ անձամբ` Հայաստանի Հանրապետության դեսպանի հանգամանքով պատրաստ է զորակից եւ աջակից լինելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` ի մասնավորի Ֆրանսիայի նորակազմ Թեմին:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներն, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքի կյանքից ներս արդի այլ հարցեր: