Ֆինլանդիայի Լյութերական եւ Ուղղափառ Եկեղեցիների ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական եւ Ուղղափառ Եկեղեցիներից Հայաստան ժամանած շուրջ 25 եկեղեցական եւ աշխարհական ուխտավորների:
Ողջունելով նրանց համայն հայության նվիրական սրբավայրում` Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությանը եւ նրա առաքելությանը մեր ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ընդգծեց, որ խորհրդային անաստվածության տարիներից հետո այսօր Եկեղեցին ամեն ջանք գործադրում է` վերանորոգելու եւ վերականգնելու դարեր շարունակ բազում հարվածներ կրած մեր ժողովրդի հոգեւոր կյանքն ու հավատքը:
Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց, որ ջերմ եւ եղբայրական հարաբերություններ են ձեւավորվել Հայ Եկեղեցու եւ Ֆինլանդիայի Լյութերական ու Ուղղափառ Եկեղեցիների միջեւ, որի վկայությունը այս երկրորդ ուխտագնացությունն է Հայաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ: Վեհափառ Հայրապետը սիրով վերհիշեց Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու առաջնորդ Ջուկկա Պաարմայի եւ Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Լեո արքեպիսկոպոսի այցերը Հայաստան, ինչպես նաեւ իր եղբայրական այցը Ֆինլանդիա:
Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ ուխտագնացության այս օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հիշատակը, ֆին ժողովրդի զավակներն աղոթակից ու զորակից պիտի լինեն հայ ժողովրդին: Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց, որ արդարությունը պիտի հաղթանակի, Հայոց Ցեղասպանությունը դատապարտվի, որպեսզի նման ոճրագործություն երբեւէ տեղ չգտնի որեւէ ժողովրդի կյանքում:
Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին:
Ուխտավորներն այցելեցին Մայր Տաճար, եղան Մայր Աթոռի թանգարաններում, հանդիպումներ ունեցան Մայր Աթոռի տարբեր կառույցների պատասխանատուների հետ, ծանոթացան Եկեղեցու կյանքին:
Առանձին հանդիպում տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսչության եւ ուսանողության հետ: