Օգոստոս 17- ին` Վերափոխումն Ս. Աստվածածնի Խաղողօրհնեք
Ամեն տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը (այս տարի` օգոստոսի 17-ին) մեծ հանդիսավորությամբ նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ըստ Ավանդության` Մարիամ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրում է Երուսաղեմում Հովհաննես առաքյալի խնամատարության ներքո: Շուրջ 15 տարի Աստվածամայրը հարատեւում է աղոթքների ու պահքի մեջ, հաճախ այցելում իր Որդու գերեզմանն ու անդադար աղոթում: Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ս. Կույսը նաեւ պատվիրում է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնում է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցնում է մի տախտակ ու տալիս Աստվածածնին եւ խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում եւ դնում երեսին, այնուհետեւ թրջում այն իր արցունքներով եւ խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատում են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երեւում: Սենյակի վերեւում երեւում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» եւ ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու համար նրա` երկինք փոխադրված լինելը:
Հուղարկավորությանը բացակա Ս. Բարդուղիմեոս առաքյալը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, այլեւս չեն գտնում Ս. Կույսի մարմինն այնտեղ: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկիք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարդուղիմեոսին որպես մխիթարություն:
Ըստ ս. Մովսես Խորենացու` Ս. Բարդուղիմեոսն այն բերում է Հայաստան եւ զետեղում Անձեւացյաց գավառի Դարբնոց կոչված տեղում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի եւ կուսանոց է հիմնադրվում:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, ինչը տարվա առաջին բերքի Աստծուն ընծայվելու խորհրդապատկերն է:
* * *
Օգոստոսի 17-ին` Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Մայր Տաճարում ժամը 10:30-ին կմատուցվի Ս. Պատարագ: Պատարագիչն է Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Հավարտ Ս. Պատարագի Ս. Տրդատի բաց խորանում կկատարվի խաղողօրհնեքի արարողություն: