ՕԾՎԵՑԻՆ ԱԼԹԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԲԱՌՆԱՈՒԼ ՔԱՂԱՔԻ «Ս. ՀՌԻՓՍԻՄԵ» ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԵՐԸ
Նոյեմբերի 12-ին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի, Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի եւ առընթերակայությամբ Տ. Մաշտոց քհն. Հակոբյանի օծվեցին Բառնաուլ քաղաքի «Ս. Հռիփսիմե» նորակառույց եկեղեցու գմբեթների խաչերը: Օրհնվեց եւ օծվեց նաեւ Հայաստանից բերված կարմրատուֆ խաչքարը, որի նվիրատուն է տիար Արամայիս Մարտիրոսյանը: Խաչքարը կանգնեցված է եկեղեցու շրջափակում` ի նշանավորումն ռուս եւ հայ ժողովուրդների բազմադարյա եղբայրության:
Հանդիսավոր այս արարողությանն իրենց ներկայությունն էին բերել Ալթայի երկրամասի Ռուս Ուղղափառ եկեղեցու Թեմի առաջնորդ` Մաքսիմ եպիսկոպոսը, Բառնաուլի շրջանային դումայի նախագահ Ս. Կրասնովը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազմաթիվ հայորդիք, ովքեր բնակություն են հաստատել Ալթայի երկրամասում, մասնավորապես Բառնաուլ քաղաքում:
Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Սրբազան Հայրն իր օրհնության ու բարեմաղթանքի խոսքն ուղղեց հավաքված ժողովրդին, կոչ անելով, որ հեռավոր այս երկրամասում կայք հաստատած մեր ժողովրդի զավակունք հավատարիմ մնան ազգային - հոգեւոր այն արժեքներին, որ ժառանգել ենք մեր սուրբ նախնյաց կողմից, որով որպես ազգ եւ ժողովուրդ արդեն 1700 եւ ավելի տարիներ ապրում եւ արարում է մեր ժողովուրդը` ապավինած փրկարար Խաչին: