«Քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Մերձավոր Արևելքում» համագումար Բեյրութում
Մայիսի 21-25-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցավ «Քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Մերձավոր Արևելքում» թեմայով միջազգային համագումար` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի կողմից: Համագումարին մասնակցեցին շուրջ 200 ներկայացուցիչներ Միջին Արևելքի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Աֆրիկայի եկեղեցիներից ու էկումենիկ կազմակերպություններից:
Քննարկումների հիմնական նպատակն էր` տարածաշրջանում զարգացումների վերլուծությունը և Միջին Արևելքի երկրներում ստեղծված դրության վերաբերյալ Միջին Արևելքի Եկեղեցիների, ինչպես նաև էկումենիկ ընտանիքի դիրքոշումների հստակեցումը: Համագումարի մասնակիցներն իրենց մտահոգությունն արտահայտեցին քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ դրսևորվող բռնությունների և տարածաշրջանից քրիստոնյա բնակչության նկատելի արտագաղթի առիթով:
Կոնֆերանսի ավարտին ընդունվեց հռչակագիր, որով կարևորվեց տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնումը, կրոնական համայնքների խաղաղ համակեցությունը, ինչպես նաև շեշտվեց քրիտոնյա համայնքի պաշտպանությանն ու պահպանմանն ուղղված տարբեր միջոցների գործադրման անհրաժեշտությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համագումարին ներկայացնում էին Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: