Քըրք Քըրքորյանի հիշատակի ոգեկոչման արարողություն և հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Քըրք Քըրքորյանի հիշատակի ոգեկոչման արարողություն և հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 24.06.2015
Քըրք Քըրքորյանի հիշատակի ոգեկոչման արարողություն և հոգեհանգիստ Մայր Աթոռում


     Հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակի ոգեկոչման արարողությունը:
     Արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և միաբաններ, ՀՀ Կառավարության անդամներ, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և բարերար հայորդիներ:
     Հիշատակի արարողությանը խոսքով հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը:
     Այնուհետև Մայր Տաճարում, նախագահությամբ Գարեգին Բ Հայրապետի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նորոգ հանգուցյալ Քըրք Քըրքորյանի հոգու խաղաղության համար:

     Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

     Մեծարգո Նախագահ,
     Սիրելի հոգևոր հայրեր,
     Հարգարժան փոխդեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգների,
     Սիրելի ներկաներ,
     Այսօր համախմբվել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր ժողովրդի արժանավոր զավակ, ազգային բարերար Տիար Քըրք Քըրքորյանի հիշատակին:
     Աղոթքով ենք հիշում մեծանուն հայորդուն, ով իր կյանքի տարիները արդյունազարդեց իր համար երկրորդ հայրենիք դարձած Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակական կյանքին բերած նպաստով և տնտեսական ոլորտում արձանագրած հաջողություններով, ինչպես և Մայր Հայրենիքին ու հարազատ ժողովրդին մատուցած մեծարժեք ծառայություններով:
     Բարեհիշատակ Քըրք Քըրքորյանը ազգային ոգու, հայեցի դաստիարակության սնունդը նախ և առաջ ստացավ Խարբերդից գաղթած և Ամերիկայում հաստատված իր ընտանիքում: Բազում դժվարություններ հաղթահարելով` նա գործարարության բնագավառում իր ջանասեր ու անդուլ աշխատանքի շնորհիվ Աստծո օրհնությամբ կարողացավ հասնել մեծ արդյունքների:
     Ազգասեր ու հայրենասեր հայորդին նաև օրհնված էր Աստծուց բարեգործության շնորհով: Բարեգործությամբ է մեծապես արժևորվում հարստությունը, երբ գործածվում է մարդասիրության, միմյանց սատարումի և համընդհանուր բարիքի նպատակներով: Աստվածաշնչյան իմաստունը այսպիսի ծառայանվիրումի, նեղություններն ու մարտահրավերները դիմագրավելուն ու հաղթահարելուն ուղղված նախանձախնդիր հանձնառությունների մասին է խոսում` ասելով. «Լիութեան ժամանակ յիշիր աղքատութեան ժամանակը եւ հարստութեան օրերին` աղքատութիւնն ու նեղութիւնը» (Սիրաք 18.25): Հոգելույս Քըրք Քըրքորյանը իր բարերարությունները կատարում էր որպես կյանքի դառնություններն ու դժվարությունները դիմագրաված մարդ, ով գիտեր կարիքի ու նեղութան մեջ զորակցության կարևորությունը: Նա կյանքի իր ուղին սկսել էր նյութկան մեծ դժվարություններով, երիտասարդ տարիքում մուտք գործել մարզական ասպարեզ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել որպես օդաչու: Նեղության, թե լիության մեջ նա միշտ ջերմ զգացումով է կրել իր սրտում հայրենյաց սերը, ազգին ու հայրենի երկրին օգտակար լինելու աստվածահաճո նախանձախնդրությունը: Հոգելույս Քըրք Քըրքորյանը սրտաբուխ բարերարություններով իր ավանդն է բերել Սփյուռքի մեր գաղթօջախների բարգավաճմանը: Նա օգնության ձեռք մեկնեց երկրաշարժի աղետից տուժած մեր ժողովրդի զավակներին, այնուհետ հայոց անկախ պետականության վերահաստատումով խանդավառված` սատար եղավ Հայաստանի և Արցախի առաջընթացին, ներդրում բերեց մեր Հայրենիքի զարգացման ծրագրերին: Լուսահոգի բարերարը ավանդ է բերել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Հայրենիքին ու ժողովրդին մատուցած գովարժան ծառայությունների համար բարեհիշատակ Քըրք Քըրքորյանը արդարորեն արժանցել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
     Բարեգործության պտուղներով լուսահոգի Քըրք Քըրքորյանը զարդարեց երկրավոր իր կյանքը և ծառայասեր իր ոգով, իր համեստ նկարագրով մեր ժողովրդի մեջ թողեց բարի անուն ու հիշատակ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն` այսպիսի ընթացքով է նաև մարդը արժանի դառնում հավիտենական հարկերի տակ ընդունելի լինելու (Ղուկ. 16.9):
     Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նվիրական կամարների ներքո աղոթք ենք վերառաքելու առ Բարձրյալն Աստված, որ Իր ամենառատ գթությամբ երկնքի լուսեղեն օթևաններում հանգչեցնի նորոգ հանգուցյալ Քըրք Քըրքորյանի հոգին և պարգևի երանություն ու խաղաղություն հավիտենության մեջ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո: Այլև հայցում ենք, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարության շնորհներով սփոփի Քըրքորյան ընտանիքի անդամներին և բոլոր վշտացյալներին: Աղոթում ենք նաև մեր Հայրենիքի խաղաղ, ապահով ու անվրդով կյանքի համար, որի նկատմամբ սիրով ապրեց և գործեց հոգելույս Քըրք Քըրքորյանը:
Տիրոջ բարի և հավատարիմ ծառա, սիրելի Քըրք Քըրքորյան, «մո՛ւտ յուրախութիւն Տեառն քոյ» (հմմտ. Մատթ. 25.21):
     Խունկ, աղոթք և օրհնություն լուսահոգի Քըրք Քըրքորյանի բարի հիշատակին:

     ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

     Վեհափա՛ռ Տեր,
     Հարգելի՛ հոգևոր հայրեր,
     Տիկնա՛յք և պարոնա՛յք,
     Այսօր մենք հավաքվել ենք այստեղ խնկարկելու Հայաստանի ազգային հերոս և մեծ բարերար Քըրք Քրքորյանի հիշատակը, ով կյանքից հեռացավ մեկ շաբաթ առաջ:
     Քըրք Քրքորյանը վախճանվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, երբ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում էր այդ ոճրին զոհ գնացած մեր անմեղ նահատակների հիշատակը: Հայտնի է, որ պատմությունը «եթե»-ներ չի ընդունում: Բայց գուցե Քըրք Քրքորյանը իսկապե՞ս կարող էր դառնալ մեկ այլ՝ ուրիշ Հայաստանի գործարար, կյանքն առաջ մղող մեկը, կամ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն, կամ, ասենք, հայկական օդուժի հերոս օդաչու: Կամ էլ լիներ սովորական կյանքով ապրող, արժանապատվորեն իր ընտանիքի հացը վաստակող աշխատավոր այդ մեկ այլ՝ ուրի՛շ Հայաստանում:
     Այս հարցադրման պատասխանը մեզ այսօր ոչ ոք չի կարող տալ: Սակայն Քըրք Քրքորյանը սփյուռքում ոչ իրենց կամքով ապրող հայ ժողովրդի բազմաթիվ դուստրերի և որդիների պես ցույց է տալիս այն Հայաստանը, որը կարող էր լինել: Նա մարմնավորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան՝ նպատակ դնելով իսպառ ջնջել հայի անունը աշխարհի երեսից:
     Քըրք Քրքորյանի հիշատակը ոգեկոչելով՝ արժանին պետք է մատուցենք նաև Ամերիկային ու նրա ժողովրդին: Հենց այնտեղ էր, որ բացահայտվեց գործարարի նրա տաղանդը, և հնարավորություն ստեղծվեց, որ նա ծավալի իր բազմաբնույթ գործունեությունը: Եվ նրա օրինակը եզակի չէ. հարյուր հազարավոր հայերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ նոր հայրենիք, որը նրանց տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրելու և կյանքը նորովի ստեղծելու հնարավորություն:
     Նա ինը տարեկանից հաց էր վաստակում, որ կարողանար օգնել ծնողներին: Նա բռնցքամարտիկ էր և օդաչու, մեքենաշինական և զվարճանքի արդյունաբերությունների մեծ դերակատար: Նա երբեք չմոռացավ իր հայկական արմատները, ինչը հեշտությամբ կարող էր անել ներգաղթյալների այդ միջավայրում:
     1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր Քրքորյանը կանգնեց օգնության կարիք զգացող Հայաստան երկրի կողքին՝ սատարելով իր քույրերին ու եղբայրներին: Նա այնքան համեստ էր, որ երբեք թույլ չտվեց, որ իր անունով որևէ անվանակոչություն անել Հայաստանում կամ մեկ այլ վայրում: Ամենուր, որտեղ նրա հովանավորությամբ իրականացվել են բարեգործական ծրագրեր, այդպիսի առաջարկներ հնչել են, սակայն Քըրք Քրքորյանն անդրդվելի էր իր այդ սկզբունքային դիրքորոշման մեջ:
     Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան ժամանակ հիշում և խոսում են նրա մասին: Մենք մեր հերոսին՝ Քըրք Քրքորյանին, չենք մոռանալու: Մենք հիշելու ենք, որ նրա շնորհիվ Հայաստանում կառուցվեցին ու նորոգվեցին բազմաթիվ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մշակութային օջախներ, և նոր զարկ տրվեց Հայաստանի տնտեսությանը:
Մենք երախտապարտ ենք ամերիկահայ մեր մեծ հայրենակցին Հայաստանի կյանքում իր ունեցած լուրջ ավանդի համար և մենք երբեք դա չենք մոռանա: Քըրք Քըրքորյանի հիշատակը միշտ վառ կմնա մայր Հայաստանում:
Այն վառ է լինելու, որպեսզի կրկին ու կրկին իրականություն դառնա մեկ այլ մեծ ամերիկահայի խոսքը. «Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց և իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ չպիտի հառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով»։
     Անցած հարյուր տարում հայն ու հայը հանդիպեցին և սկսեցին կերտել նոր Հայաստանը:
Հանդիպեցին Քըրք Քրքորյանը և նոր Հայաստանը. խոսեցին իրար հետ և ծաղրեցին դահիճների ստոր գաղափարները:
     Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ՝ Քըրք Քրքորյան: Հանգչի՛ր խաղաղությամբ: