Քենթրբերիի Արքեպիսկոպոսի այցը շարունակվում է
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը երկու Եկեղեցիների հոգեւորականների ուղեկցությամբ այցելեցին Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցի: Հովվապետերին Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը ներկայացրեց եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի, համակարգչային լսարանի աշխատանքներին: Հատուկ ուշադրության արժանացավ խուլ եւ համրերի հետ դասընթացների ծրագիրը, բարձրաստիճան այցելուներին ներկայացվեց հայ իրականության մեջ առաջին անգամ հրապարակված Ժեստերի լեզվի հոգեւոր բառարանը եւ Հայ Եկեղեցու սրբազան պատարագի ժեստերով բացատություններով հանդերձ լազերային տեսասկավառակը:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Քենթրբերիի Արքեպիսկոպոսը այցելեցին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապա եղան Սբ. Կաթողիկե եւ Զորավոր Սբ. Աստվածածնի եկեղեցիներում:
Նույն օրը Վեհափառ Հայրապետն ու Անգլիկան եկեղեցու պետն այցելեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Քրեակատարողական վարչության պետ արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի եւ «Աբովյան» ՔԿՀ պետ, գնդապետ Էդիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ երկու Եկեղեցիների պետերը շրջեցին քրեակատարողական հիմնարկում, ծանոթացան ազատազրկվածների կեցության պայմաններին:
Հայոց Հայրապետն ու Քենթրբերիի Արքեպիսկոպոսը հանդիպում ունեցան նաեւ կալանավայրերում հոգեւոր ծառայություն իրականացնող մի շարք հոգեւորականների հետ, քննարկեցին նրանց կողմից դատապարտյալներին մատուցվող հոգեխնամությունը:
Նորին Սրբությունն ու Նորին Սրբազնությունը հանդիպեցին նաեւ ազատազրկվածների հետ, ունեցան առանձնազրույցներ: Հատուկ ուշադրություն ընծայվեց նաեւ բանտարկյալ անչափահասներին: Բարձրաստիճան եկեղեցականներն այցելեցին անչափահասների դասարաններ, ուր զրուցեցին երիտասարդների հետ: Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց, որպեսզի նոր ճանապարհ ընտրեն իրենց կյանքի համար եւ, դուրս գալով քրեակատարողական հիմնարկից նոր գիտակցությամբ, նոր ոգով ու աշխարհընկալմամբ, դառնան մեր երկրի արժանավոր քաղաքացիներ: Քենթրբերիի արքեպիսկոպոսն իր հերթին իր օրհնությունը բերեց անչափահասներին: