Քահանայից հավաք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Քահանայից հավաքը հանդես եկավ հայտարարությամբ

Քահանայից հավաք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Քահանայից հավաքը հանդես եկավ հայտարարությամբ 02.03.2011

Փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին, Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ թեմակալ առաջնորդների, տեղի ունեցավ քահանայից ավանդական ամենամյա հավաքը: Հավաքին մասնակցում էին Մայր Աթոռի կառույցներում, վանքերում եւ Հայաստանի ու Արցախի թեմերում ծառայող շուրջ երկու հարյուր հիսուն եկեղեցականներ: Հավաքի քննարկման նյութն էր «Ընտանիքը եւ հոգեւոր հովիվը»:

Քահանայից հավաքը բացեց ժողովի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը քահանայից դասի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում համախմբվելու, Նորին Սրբության օրհնությունն ու հայրական պատգամները ստանալու հնարավորության համար: Միքայել Սրբազանը նաեւ շնորհավորեց հոգեւորականներին առաջիկա տոնի առիթով` մաղթելով նրանց հովվական ասպարեզում հաջողություններ:

Այնուհետեւ Մայր Աթոռի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը եկեղեցականներին ներկայացրեց «Ընտանիքը եւ հոգեւոր հովիվը» թեմայով զեկույց, որի շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Հավարտ մի շարք քննարկումների հոգեւորականաց դասը հանդես եկավ հայտարարությամբ`

«Մենք` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեւոր սպասավորներս, քննության առնելով հայ ընտանիքի առջեւ ծառացած մարտահրավերները, կարեւորությամբ ընդգծում ենք հայրենի պետության եւ հասարակության կյանքում ընտանիքի բացառիկ արժեքը եւ ազգապահպան առաքելությունը: Դարեր շարունակ աստվածադիր ամուսնական միության սրբազան պատվիրանը հիմն է եղել հայ ավանդական ընտանիքի` իբրեւ փոքր եկեղեցու, որին հատուկ է եղել աստվածսիրությունն ու հայրենասիրությունը, ընտանեկան սրբությունն ու հավատարմությունը ազգային, բարոյական ու հոգեւոր արժեքներին: Այս ամենը օրհնվել ու նվիրագործվել է Ս. Պսակի մեծ խորհրդով եւ այն գիտակցությամբ, թե` «Եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն, ...որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6):

Մեր հովվական ծառայության ընթացքում, սակայն, ականատեսն ենք հասարակական գիտակցության ու վարքի մեջ դրսեւորվող մտահոգիչ երեւույթների, որոնք նաեւ հետեւանքն են մեզանում հոգեւոր կյանքի ու ավանդական բարոյական արժեքների տկարացման, համաշխարհայնացման ու աշխարհիկացման գործընթացների, սոցիալական ու տնտեսական դժվարությունների: Այսօր հայ ընտանիքի առջեւ ծառացած են բարոյական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ամուսնության եւ պսակի խորհրդի ընկալման աղճատումը, կողակցի ու ընտանիքի նկատմամբ, զավակների ազգային-հոգեւոր դաստիարակության հանդեպ պատասխանատվության անկումը: Նմանօրինակ մտայնության եւ վիճակների անցանկալի հետեւանք են ամուսնական անհավատարմությունը, ընտանեկան բռնությունը, հղիության արհեստական ընդհատումը եւ այլ մերժելի երեւույթներ: Հայ ընտանիքում ընտանեկան բնական կյանքի խաթարման եւ հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում դրանից բխող դառն հետեւանքներով նաեւ տարբեր կրոնական կազմակերպությունների եւ շարժումների քայքայիչ գործունեությունը:

Այս ամենով մտահոգված` ընդգծում ենք անհրաժեշտությունը մեր հովվական ծառայության մեջ առավել գործուն ջանքեր ներդնելու` ի զորացումն Եկեղեցու եւ ընտանիքի դարավոր կապի` հանապազորյա խնամքով, եկեղեցա-ծիսական արարողություններով, նախաամուսնական եւ հետամուսնական շրջանում զույգերի հետ իրականացվող հետեւողական հոգեւոր-խորհրդատվական ծառայություններով:

Ամուսնացող զույգերին հորդորում ենք ամուսնության նկատմամբ առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերել` օրինակ ունենալով մեր աստվածապաշտ հայրերին, եւ Ս. Պսակի խորհուրդն ընդունել որպես անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի եւ հոգատարության անքակտելի սուրբ միություն:

Այս նկատառումով մեծապես կարեւորում ենք մեր ողջ հանրության` անհատների, պետական եւ հասարակական կառույցների, զանգվածային լրատվության միջոցների համագործակցությունը հայ ընտանիքի ավանդական արժեհամակարգի ամրապնդման եւ ընտանիքի սրբության դեմ կատարվող ոտնձգությունների կանխարգելման գործում:

Աղոթում ենք Երկնավոր մեր Տիրոջը Հայրենի մեր երկրի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի համար, որպեսզի ապավինությամբ առ հարուցյալն Աստված, ազգային եւ հոգեւոր միաբանությամբ շարունակենք ջանքեր ներդնել հայ ընտանիքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանն ի նպաստ:

Հավատում ենք, որ կհաղթահարվեն հասարակական մեր կյանքը հուզող բոլոր տեսակի դժվարությունները, եթե մեզանում գերիշխեն հավատն առ Աստված, սերը եւ վստահությունը միմյանց, Հայրենիքի եւ Մայր Եկեղեցու հանդեպ, հավատարմությունը մեր ազգային արժեքներին ու նախնյաց ավանդներին»:

Ժողովի ավարտին ներկա հոգեւորականներին հայրապետական իր պատգամը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Միքայել Սրբազանին եւ մնացյալ թեմակալ առաջնորդներին` քահանայից հավաքի կազմակերպմանը բերած աջակցության համար, ապա շնորհավորեց հոգեւորականաց դասին ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով` մաղթելով կոչման բարձր գիտակցությամբ շարունակել հոգեւոր առաքելությունը` ի նպաստ բարեպաշտ ժողովրդի հոգեւոր կարիքների բավարարման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց ժողովի քննարկման նյութ դարձած հայ ընտանիք-Եկեղեցի կապի ամրապնդման այժմեականությունը` նշելով, որ հովիվները պետք է մանուկ հասակից զբաղվեն երիտասարդների հոգեւոր դաստիարակությամբ, ամենօրյա հովվական հետեւողական աշխատանքով ու հոգատարությամբ զերծ պահեն երիտասարդ ընտանիքներին տարբեր տեսակի դժվարություններից ու փորձություններից: Անդրադառնալով եկեղեցականների դերակատարությանը եւ նրանց առաքելությանը` Նորին Սրբությունը նշեց. «Մեր խնդիրը խաղաղություն, սեր եւ հաշտություն քարոզելն ու հաստատելն է ընտանեկան եւ ընկերային կյանքում...: Մենք` որպես եկեղեցականներ, առավել չափով պարտականություններ ունենք մեր ժողովրդի առջեւ` նրանց հոգեւոր-բարոյական կյանքը կազմակերպելու, քրիստոնեական կրթությամբ եւ դաստիարակությամբ ապահովելու, որպեսզի ճշմարիտ քրիստոնեական ոգին կրող հայորդիներ ունենանք, խորը հավատացյալ, աստվածասեր, մարդասեր, եկեղեցասեր մարդիկ, եւ այդ պարտականությունը մեր առաքելությունն է»:

Նորին Սրբությունը, անդրադառնալով եկեղեցականության ծառայությանը, արձանագրեց, որ դեռ ահռելի աշխատանք կա ծառացած Եկեղեցու առջեւ: «Այդ ահռելի աշխատանքը մեզ ոչ թե հուսալքության եւ թեւաթափության պետք է առաջնորդի, այլ ընդհակառակը` մեր մեջ պիտի բորբոքի նախանձախնդրությունը, որպեսզի ավելի ճիգ ու ջանք գործադրենք, եռանդ ներդնենք մեր ծառայության մեջ», - նշեց Վեհափառ Հայրապետը` հորդորելով հոգեւորականներին հնարավորն ի գործ դնել առավել չափով լուսավոր դարձնելու հայի կյանքը, օգտակարություն ունենալու մեր ժողովրդի զավակներին, նրանց մեջ կրթել լավատեսության, աստվածսիրության, հայրենասիրության ոգին:

Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում հոգեւոր դասը մասնակցեց երեկոյան ժամերգության եւ ս. Ղեւոնդյանց քահանաների տոնի նախատոնակին:

Մարտի 1-ին, Ս. Ղեւոնդյանց տոնին, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Արմավիրի թեմից Փարաքարի Ս. Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Գեղամ քահանա Քեսաբլյանը, ով իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին ու նշանակությանը մեր ազգային կյանքում:

Պատարագից հետո Վեհարանում տեղի ունեցավ պարգեւաբաշխություն: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավագ քահանայության պատիվ շնորհեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Մկրտիչ քհն. Թովմասյանին եւ Տ. Կորյուն քհն. Մարտիրոսյանին, Արմավիրի թեմից Տ. Գեղամ քհն. Քեսաբլյանին:

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք ստացան Արցախի թեմից Տ. Մինաս քհն. Մովսիսյանը, Տ. Էմանուել քհն. Վարդանյանը, Սեւանի վանքից` Տ. Մինաս քհն. Մարտիրոսյանը, Հարավային Ռուսաստանի թեմից Տ. Սարգիս քհն. Պողոսյանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց` Տ. Ղեւոնդ քհն. Մայիլյանը:

Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ծառայող Տ. Սիփան քհն. Գրիգորյանը, Տ. Սեդրակ քհն. Ազնավուրյան եւ Տ. Հովհաննես քհն. Քեսաբլյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ. Եզնիկ քհն. Մալխասյանը եւ Տ. Եփրեմ քհն. Հարությունյանը, Շիրակի թեմից Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը եւ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը, Տ. Վարագ քհն. Հակոբյանը, Վայոց ձորի թեմից Տ. Գալուստ քհն. Սահակյանը, Արագածոտնի թեմից Տ. Վիգեն քհն. Մանուկյանը, Կոտայքի թեմից Տ. Վրթանես քհն. Բաղումյանը, Տ. Արիստակես քհն. Բաղալյանը եւ Տ. Ժիրայր քհն. Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Նշան քհն. Սարգսյանը, Տ. Մեսրոպ քհն. Երիցյանը եւ Տ. Ներսես քհն. Սահակյանը, Տավուշի թեմից Տ. Արամ քհն. Միրզոյանը, Բանակի հոգեւոր հովվությունից Տ. Արսեն քհն. Սարոյանը, Վիրահայոց թեմից Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը, Տ. Մովսես քհն. Մանուկյանը, Տ. Արարատ քհն. Գումբալյանը եւ Տ. Տիգրան քհն. Մխիթարյանը, Վայոց ձորի թեմից Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը: