Քահանայական ձեռնադրություն և Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Մայր Տաճարում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի ինը և Քահանայից պատրաստման լսարանի չորս շրջանավարտ սարկավագներ:
Արարողությանը Հայկազուն Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին և Սրբալույս Մյուռոնով օծելով բոլորի ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհեց նոր հոգևոր անուններ: Գևորգ սրկ. Ալավերդյանը վերակոչվեց Տ. Նշան քահանա, Սամվել սրկ. Հարությունյանը` Տ. Խաչեր քահանա, Գառնիկ սրկ. Շահինյանը` Տ. Շնորհք քահանա, Վարդան սրկ. Հունանյանը` Տ. Տարոն քահանա, Վրեժ սրկ. Միքայելյանը` Տ. Պողոս քահանա, Հարություն սրկ. Մաթևոսյանը` Տ. Կորյուն քահանա, Դավիթ սրկ. Հմայակյանը` Տ. Մամբրե քահանա, Արտակ սրկ. Թորոսյանը` Տ. Ղազար քահանա, Տիգրան սրկ. Ինջիղուլյանը` Տ. Տաճատ քահանա, Արթուր սրկ. Արշակյանը` Տ. Ներսես քահանա, Գեղամ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Սարգիս քահանա, Գրիգոր սրկ. Թոփաշյանը` Տ. Ղևոնդ քահանա, Դավիթ սրկ. Աբրահամյանը` Տ. Սմբատ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը բաշխեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Հայկազուն Սրբազանն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իրեն հնարավորություն ընձեռելու համար կատարելու իր անդրանիկ քահանայական ձեռնադրությունը: Սրբազանն իր շնորհավորանքներն ու պատգամը ուղղեց նաև իր հոգևոր զավակներին` նորընծա քահանա հայրերին` անդրադառնալով նրանց նոր անուններով օժտելու փաստին: «Դուք ունեիք աշխարհիկ անուններ, որոնք ձեր ծնողները սիրով ձեզ էին տվել, սակայն այսօր, երբ Սուրբ Հոգին իջնում է ամենքիդ վրա, դուք նոր մարդ և նոր արարած եք դառնում, ուստի ձեզ նորանոր անուններ են շնորհվում: …Քանի տարիներ էլ, որ սովորած լինեք ճեմարաններում, այսօր ձեր իմացական կարողության վրա ավելանում է Ս. Հոգու ազդեցությունը, և ձեր նվիրումը կատարյալ և բացարձակ է դառնում Աստծո Ս. Խորանի և մեր Ս. Եկեղեցու հանդեպ: Հետևաբար, դուք եք այս կառույցի` Եկեղեցու, լրումն ու ամբողջությունը…», - ասաց Սրբազան Հայրը:
Հայկազուն Սրբազանը խոսեց նաև քահանայության աստվածատուր խորհրդի մասին. «Քահանայական կյանքը, սիրելիներ, սովորական պաշտոն չէ, սովորական գործի տեսակ չէ, որ մեկը մյուսով փոխարինեք, քահանայական կյանքն անմնացորդ նվիրումն է: Մեր ժողովուրդը կարիք ունի նվիրյալ, համեստ եկեղեցականների, որոնք իրենց պիտի արթնացնեն հոգևոր խավարից և քնի թմբիրից: Երբ մարդիկ թմրում են և ծուլանում, սատանան ու չարը գալիս է և հափշտակում նրանց: Դուք վերջին պատնեշն եք, այն վերջին զինվորը, որ արթուն և պահապան է մնում, իսկ պահապանի պարտականությունը, ո՞րն է, եթե ոչ հայտարարել թշնամու գալուստը և արթնացնել քնած զինվորներին, որպեսզի կարողանան դիմագրավել և վանել թշնամուն:
Մեր Հայաստանյայց Եկեղեցին սուրբերի, նահատակների, ճգնավորների, նվիրյալների ամբողջ վերջնականություն է, որի ծայրը երևում է, սակայն վերջը չի նկատվում: Դուք գալիս եք միանալու այդ գեղեցիկ փաղանգին»:
Սրբազանը հորդորեց տասներեք նորաօծ քահանաներին ամբողջանվեր ծառայությամբ հագեցնել հավատավոր ժողովրդի հոգևոր քաղցը և իրենց հայացքը սևեռելով մեր ժողովրդի հերոսական անցյալին, պատմության լավագույն օրինակներին` իրենց օծված սուրբ աջերով բարի սերմեր սերմանել:
Քարոզի ավարտին Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան և համբուրելով նորաօծների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստացան առաջին «Ողջույն»-ը:
Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:
Հավարտ Սուրբ Պատարագի, ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հանրապետական մաղթանքի արարողություն:
Եկեղեցականաց դասը, այս օրերին Մայր Աթոռում գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակիցները և ուխտավոր հայորդիներն աղոթեցին անկախ Հայրենիքի անսասանության, պայծառության ու բարօրության համար: