Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Դեկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում պատարագիչ Սրբազան Հոր` Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ երեք սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն եւ օծում:

Մարկոս Սրբազանը նորընծա քահանաներին վերանվանեց հոգեւոր նոր անուններով. Գոռ սրկ. Գեւորգյանը վերանվանվեց Տ. Հակոբ, Հակոբ սրկ. Մովսիսյանը` Տ. Արշեն, իսկ Արման սրկ. Երիցյանը` Տ. Մեսրոպ:

Սբ. Պատարագի ընթացքին` «Ողջույնի» պահին, Մայր Աթոռի միաբանները բարձրացան Սուրբ Խորան եւ շնորհավորեցին նորընծաներին:

Ձեռնադրությունից հետո Մարկոս Սրբազանը ուրախություն հայտնելով, որ Հայ Եկեղեցու անդաստանում սպասավորության կոչվեցին եւս երեք քահանաներ, իր պատգամն ուղղեց նորաօծ քահանա հայրերին: Սրբազան Հայրը անդրադառնալով հոգեւորականի պատասխանատու առաքելությանը` հորդորեց լցվել առաքինություններով ու հոգեւոր շնորհներով, պատրաստ լինել յուրաքանչյուր նոր մարտահրավերի եւ անվտանգ ու խաղաղ հանգրվանի հասցնել իրենց վստահված հոգեւոր հոտը:

Երեկոյան ժամերգությունից առաջ Մարկոս Սրբազանի գլխավորությամբ նորընծա քահանաներին Վեհարանում ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով Մարկոս Սրբազանին` անդրանիկ քահանայական ձեռնադրության կատարման եւ նորընծաներին` քահանայանալու առիթով` Նորին Սրբությունն անդրադարձավ հոգեւորականի բարձր եւ պատասխանատու կոչմանը, կարեւոր ծառայությանը Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը հորդորեց նորաօծ հայրերին քառասնօրյա շրջանը լավագույնս օգտագործել քահանայական սպասավորությանն իրենց հոգեւոր պատրաստության համար: Վեհափառ Հայրապետը մաղթեց նրանց հաստատուն մնալ իրենց կոչման մեջ, չընկրկել դժվարությունների առջեւ, հավատքով ու համբերությամբ հաղթահարել դրանք, սիրով եւ նվիրումով ծառայել մեր ժողովրդին:

Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջանն ավարտելուց հետո, Նորին Սրբության բարձր տնօրինությամբ նորաօծ եկեղեցականները հովվական ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռի տարբեր կառույցներում: