Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 23-ին` Հոգեգալստյան տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն, որը կատարվեց ձեռամբ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի:
Նախորդ օրը` Երեկոյան ժամերգությունից առաջ, Փրկչի Իջման Ս. Սեղանի առաջ ձեռնադրող Սրբազան Հոր, Մայր Աթոռի միաբանության եւ հավատացյալ ժողովրդի առաջ տեղի ունեցավ ընծայացուների` Սամվել սարկավագ Զարգարյանի, Արամ սարկավագ Սիմոնյանի, Վիգեն սարկավագ Բաղումյանի եւ Միհրան սարկավագ Գաբրիելյանի ուղղափառ դավանության քննությունը: Ընծայման կարգի ժամանակ սարկավագները նզովեցին հին ու նոր բոլոր աղանդներն ու հերձվածները եւ ուխտեցին անմնացորդ ծառայել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Հաջորդ օրը, Ս. Պատարագի ընթացքին Արմաշ եպիսկոպոսը, Սրբալույս Մյուռոնով օծելով նորընծաների ճակատներն ու աջերը, նրանց վերակոչեց Տ. Եփրեմ քահանա (Սամվել սրկ.), Տ Շավարշ քահանա (Արամ սրկ.), Տ. Ոսկան քահանա (Վիգեն սրկ.) եւ Տ. Գնել քահանա (Միհրան սրկ.)` ի հիշատակ Դամասկոսի Հայոց թեմում պաշտոնավարած առաջնորդների:
«Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հոգեգալստյան տոնը, որ նաեւ Սուրբ Եկեղեցու հիմնադրման տոնն է: Եվ այսօր Ս. Պատարագի Սրբազան եւ նվիրական այս պահին, երբ Բարձրյալն Աստված աներեւութապես ներկա է Սուրբ Հոգու խորհրդով, շնորհներով եւ մեր մեջ է աղոթքներով, ահա հրավիրում ենք Եկեղեցու անդաստանի մեջ նորաօծ մեր սիրեցյալ եղբայրներին` հանձինս Տ. Եփրեմ, Տ. Շավարշ, Տ. Ոսկան եւ Տ. Գնել նորաօծ քահանաների, որոնք կոչված են Ավետարանի քարոզության, կոչված են հրավիրել մարդկանց դեպի Աստված եւ նրանց սրտերում սերմանել Սուրբ Գրքի մարգարիտները», - ասաց Արմաշ Սրբազանը: Ձեռնադրող եպիսկոպոսը նաեւ պատգամեց ձեռնադրյալ քահանա հայրերին. «Սիրելիներ, փնտրեցեք Աստծուն ձեր մեջ, գտեք Աստծուն ձեր մեջ եւ աղոթեցեք Սուրբ Հոգուն` բանալով ձեր սրտերը, որ Նա գա իր հրեղեն լեզուներով ներգործի, վերանորոգի, այրի եւ հրկիզի ձեր սրտերը եւ հոգին, որպեսզի ներգործեն ձեր մեջ Աստծո շնորհները եւ ձեզանից ճառագայթեն Սուրբ Հոգու առաքինությունները»:
Ձեռնադրության արարողությանը ներկա էին նաեւ ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Դամասկոսի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդ եպիսկոպոսները:
Ձեռնադրությունից հետո նորաօծ քահանա հայրերը քառասնօրյա պահեցողության շրջան կանցնեն Մայր Աթոռում, որի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայոց Եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռի կառույցներում: