Քահանայական ձեռնադրություն Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում
Հուլիսի 19-ին Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որի առիթով բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Պատարագ մատուցվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում: Սրբազան արարողության ընթացքում ձեռամբ ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 27 միաբան սարկավագներ: Հայոց Եկեղեցու այս կարեւոր իրադարձությանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը քահանայության կոչեց 27 նորընծա սարկավագներին, Ս. Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհելով հոգեւոր նոր անուններ: Խորեն սարկավագ Մանուկյանը վերակոչվեց Տ. Մովսես քահանա, Սարգիս սարկավագ Այվազյանը` Տ. Սարգիս քահանա, Սահակ սարկավագ Սահակյանը` Տ. Դավիթ քահանա, Նոյ սարկավագ Նազարյանը` Տ. Շահե քահանա, Հակոբ սարկավագ Գեւորգյանը` Տ. Անդրանիկ քահանա, Վահագն սարկավագ Իգնաթեւոսյանը` Տ. Ստեփանոս քահանա, Արսեն սարկավագ Հարությունյանը` Տ. Ներսես քահանա, Հրաչյա սարկավագ Սահակյանը` Տ. Գալուստ քահանա, Արտակ սարկավագ Ստեփանյանը` Տ. Բաբկեն քահանա, Ռուստամ սարկավագ Պետրոսյանը` Տ. Հարություն քահանա, Արթուր սարկավագ Մխիթարյանը` Տ. Տիգրան քահանա, Սարգիս սարկավագ Քեսաբլյանը` Տ. Հովհաննես քահանա, Էդուարդ սարկավագ Սահակյանը` Տ. Հայկ քահանա, Խաչատուր սարկավագ Գյոզալյանը` Տ. Վարդ քահանա, Սմբատ սարկավագ Վարդազարյանը` Տ. Առաքել քահանա, Միքայել սարկավագ Բարսեղյանը` Տ. Թադեոս քահանա, Ավետիք սարկավագ Հովհաննիսյանը` Տ. Նիկողոս քահանա, Աշոտ սարկավագ Միրզոյանը` Տ. Գեւորգ քահանա, Արմեն սարկավագ Խաչատրյանը` Տ. Եղիա քահանա, Էդգար սարկավագ Հովհաննիսյանը` Տ. Լեւոն քահանա, Հայկ սարկավագ Մկրտչյանը` Տ. Վաչե քահանա, Հովհաննես սարկավագ Ազնավուրյանը` Տ. Սեդրակ քահանա, Թաթուլ սարկավագ Համբարձումյանը` Տ. Գարեգին քահանա, Նորայր սարկավագ Սահակյանը` Տ. Հակոբ քահանա, Նորայր սարկավագ Ղարիբյանը` Տ. Սահակ քահանա, Արմեն սարկավագ Հմայակյանը` Տ. Նշան քահանա, Նարեկ սարկավագ Վարդանյանը` Տ. Պողոս քահանա:
Այնուհետեւ ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` շեշտելով, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին ցնծության եւ բերկրանքի մեջ է, քանզի 27 նոր հոգեւորականներ համալրեցին Հայոց Եկեղեցու անդաստանը: Իր ոգեշունչ քարոզում Խաժակ Սրբազանը հորդորեց նորընծա քահանաներին աներեր հավատքով, նվիրվածությանբ եւ նախանձախնդրությամբ ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Քրիստոսի կենարար լույսը տարածելով մեր ազգի մեջ: Սրբազան Հայրը նրանց նաեւ պատգամեց Քրիստոսի Պայծառակերպության տոնի խրոհրդի համաձայն պայծառակերպվել, այլակերպվել եւ իբրեւ նոր մարդ շարունակել իրենց անսակարկ ծառայությունը Հայոց Եկեղեցուն եւ մեր ժողովրդին: Այս ուրախալի առիթով Սրբազան Հայրը շնորհավորեց նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ հույս հայտնեց, որ Նորին Սրբության օրոք սկսված Հայոց Եկեղեցու վերազարթոնքը դեռ երկար տարիներ պիտի շարունակվի` տալով իր քաղցր պտուղները:
Այնուհետեւ Նորին Սրբության առաջնորդութամբ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` համբուրելով քահանաների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաեւ նորընծա 9-ը քահանաների վեղարի տվչության արարողություն: Տ. Սարգիս, Տ. Անդրանիկ, Տ. Ներսես, Տ. Եղիա, Տ. Վաչե, Տ. Գարեգին, Տ. Հակոբ, Տ. Նշան եւ Տ. Պողոս կուսակրոն քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: