Քահանայական ձեռնադրություն Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Քահանայական ձեռնադրություն Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 01.11.2010

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Հոկտեմբերի 31-ին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում ձեռամբ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն եւ օծում:

Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 16 նորընծա սարկավագների: Սրբազան Հայրը սբ. մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգեւոր նոր անուններ: Արսեն սարկավագ Գամաղելյանը վերակոչվեց Տ. Հովել քահանա, Էդգար սարկավագ Թադեւոսյանը` Տ. Տարոն քահանա, Մեսրոպ սարկավագ Մուրադյանը` Տ. Պարթեւ քահանա, Սուրեն սարկավագ Վարդերեսյանը` Տ. Մասիս քահանա, Արման սարկավագ Պողոսյանը` Տ. Արարատ քահանա, Ցոլակ սարկավագ Հարությունյանը` Տ. Առնակ քահանա, Արտակ սարկավագ Սարգսյանը` Տ. Մովսես քահանա, Արմեն սարկավագ Սարգսյանը` Տ. Արշեն քահանա, Սենիկ Սարկավագ Մխիթարյանը` Տ. Սամվել քահանա, Գեւորգ սարկավագ Խաչատրյանը` Տ. Օշական քահանա, Սարգիս սարկավագ Բաղդասարյանը` Տ. Մաշտոց քահանա, Գագիկ սարկավագ Մանասյանը` Տ. Զոհրաբ քահանա, Դավիթ սարկավագ Մանգասարյանը` Տ. Մարկոս քահանա, Հայկ սարկավագ Եզեկյանը` Տ. Անդրեաս քահանա, Գարեգին սարկավագ Դանիելյանը` Տ. Համբարձում քահանա եւ Էդվարդ սարկավագ Աբգարյանը` Տ. Երեմիա քահանա:

Այնուհետեւ ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Իր ոգեշունչ քարոզում խոսքն ուղղելով նորաօծ հոգեւորականներին` Մկրտիչ Սրբազանն ասաց. «Աստծո արդարությունը գործող զորություն է, իրական ուժ, որ գործում է մարդու կամքից անկախ եւ իրականանում ո°չ ուշ, ո°չ շուտ, այլ ճիշտ ժամանակին: Ասել է, թե դուք որպես Աստծո ապագա մշակներ, աստվածային խոսքի թարգմանչներ, եթե սերմանեք Տիրոջ արդարության սերմերը մեր ժողովրդի սրտերից ներս, մեր եկեղեցին եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման պիտի դառնա ալեկոծ օվկիանոսում անխորտակելի սյուն, որից, ինչպես Աճառյանն է ասում, ամեն հայ իր պարանն է կապում` փոթորկից փրկվելու համար: Եթե հավատարմորեն պահեք Աստծո արդարությունը ձեր եւ ձեր նմանների մեջ, Նա էլ անմահ կպահի ձեզ եւ ձեր ժողովրդին: Այս սուրբ սեղանի առջեւ աղոթում ենք, որ Երկնային Հայրը զորավիգ լինի մեր եկեղեցու զինվորյալ մշակներին այսօր, վաղը եւ հավիտյան»:

 

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի առաջնորդութամբ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` համբուրելով քահանաների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաեւ վեղարի տվչության արարողություն: 16 նորընծաներից Տ. Մովսես, Տ. Սամվել, Տ. Անդրեաս եւ Տ. Երեմիա քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: