Քահանայական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համընդհանուր խանդավառություն էր տիրում: Միածնաէջ Սուրբ Տաճարում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքին պատարագիչ Սրբազան Հոր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ձեռամբ յոթ սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն եւ օծում: Ձեռնադրող Վիգեն Սրբազանը նորընծա քահանաներին վերանվանեց հոգեւոր նոր անուններով. Էդիկ սրկ Հակոբյանը վերանվանվեց Տ. Մարտիրոս, Հայկ սրկ. Բարսեղյանը` Տ. Պարթեւ, Արման սրկ. Գեւորգյանը` Տ. Միքայել, Մարտին սրկ. Մխիթարյանը` Տ. Գառնիկ, Էդուարդ սրկ. Խաչատրյանը` Տ. Մուշեղ, Հովհաննես սրկ. Սարգսյանը` Տ. Հրաչ, Արամ սրկ. Տեր-Մկրտչյանը` Տ. Թադեոս:
Սբ. Պատարագի ընթացքին, «Ողջույնի» պահին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Սուրբ Խորան եւ շնորհավորեցին նորընծաներին:
Ձեռնադրությունից հետո Վիգեն Սրբազանն իր պատգամը ուղղեց նորաօծ քահանա հայրերին` անդրադառնալով հոգեւորականի պատասխանատու կոչմանը Հայոց Եկեղեցու եւ մեր ժողովրդի կյանքում եւ հորդորեց լցվել առաքինություններով ու հոգեւոր շնորհներով եւ պատրաստ լինել անգամ սեփական անձը զոհելու հանուն Եկեղեցու եւ ժողովրդի: «ՁԵզնից ոմանց անուններն ընտրվեցին որպես խորհրդանիշը մեր այն հոգեւորականների, որ զոհվեցին 1915թ.-ին, զոհվեցին հանուն Քրիստոսի, հանուն Հայ Եկեղեցու, հանուն մեր ժողովրդի: Դուք էլ ամեն օր պատրաստ պիտի լինեք զոհվելու ձեր Եկեղեցու եւ ձեր ժողովրդի համար», - ասաց Սրբազան Հայրն իր ոգեշունչ քարոզում:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաեւ վեղարի տվչության արարողություն: Տ. Պարթեւը, Տ. Միքայելը եւ Տ. Գառնիկը, որպես կուսակրոն քահանաներ, ստացան վեղար եւ համալրեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանության շարքերը:
Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջանն ավարտելուց հետո, Նորին Սրբության բարձր տնօրինությամբ նորաօծ եկեղեցականները հովվական ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռի տարբեր կառույցներում:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ ամերիկաբնակ տեր եւ տիկին Հրաչ Թուֆայանները, տեր եւ տիկին Միքայել Հարությունյանները, ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Օսկար Թաթոսյանը եւ Մայր Աթոռի բարերար, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ տիար Ջեյմս Գալուստյանը: