Քահանայական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ապրիլի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն եւ օծում: Սրբազան արարողությունը հանդիսապետում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, տասներկու սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն: Ձեռնադրող Սրբազան Հայրը նորընծա քահանաներին վերանվանեց հոգեւոր նոր անուններով. Արմեն սրկ Խաչատրյանը վերանվանվեց Տ. Ժիրայր, Հովհաննես սրկ. Ամիրյանը` Տ. Առաքել, Գեւորգ սրկ. Հարությունյանը` Տ. Եփրեմ, Գառնիկ սրկ. Կիրակոսյանը` Տ. Հարություն, Արտակ սրկ. Օհանյանը` Տ. Հովել, Հմայակ սրկ. Մանուկյանը` Տ. Վիգեն, Անդրանիկ սրկ. Մինասյանը` Տ. Սողոմոն, Հայկ սրկ. Ամիրյանը` Տ. Մաղաքիա, Գարիկ սրկ. Գրիգորյանը` Տ. Սիփան, Վահե սրկ. Պողոսյանը` Տ. Արմաշ, Օգսեն սրկ. Միրզոյանը` Տ. Արամ, Գեւորգ սրկ. Զեյնալյանը` Տ. Մանուկ:

Սբ. Պատարագի ընթացքին, «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Սուրբ Խորան եւ շնորհավորեցին նորընծաներին:

Ձեռնադրությունից հետո Հովնան Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով հոգեւորականի պատասխանատու կոչմանը Հայոց Եկեղեցու «ւ մեր ժողովրդի կյանքում:

«Տարիներ շարունակ ձեր հոգին, միտքը, սիրտը, էությունը, սնուցանելով, լցնելով մեր հայրերի հավատքի կյանքով, Ավետարանից ճառագայթող Քրիստոսի պատգամներով, դուք աճեցիք եւ զարգացաք, կամաց-կամաց ձեր մեջ խմորվեց քրիստոնյան, քահանան, հոգեւորականը, ճշմարիտ հովիվը, որպեսզի այս պահից սկսած` նվիրյալ ձեր կյանքով դուք դառնաք հոգեւոր մխիթարություն մեր սուրբ եկեղեցու զավակների համար, որպեսզի ձեր կյանքը դառնա Մայր Աթոռ Սբ Էջմիածնի կանթեղի մեջ նոր ձեթ, որպեսզի նոր լույս, նոր ուրախություն, նոր խնդություն, հավատքի նոր երանգ, նոր ուժականություն եւ զորություն կարողանաք անխտիր հաղորդել մեր ժողովրդի զավակներին»,-նշեց Սրբազան Հայրն իր ոգեշունչ քարոզում:

Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաեւ վեղարի տվչության արարողություն: Տ. Հարությունը եւ Տ. Մաղաքիան, որպես կուսակրոն քահանաներ, ստացան վեղար եւ համալրեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանության շարքերը:
Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջանն ավարտելուց հետո, Նորին Սրբության բարձր տնօրինությամբ նորաօծ եկեղեցականները հովվական ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ Մայր Աթոռի տարբեր կառույցներում: