Քահանայական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն եւ օծում:
Ձեռամբ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, յոթ սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն: Ձեռնադրող Սրբազան Հայրը նորընծա քահանաներին վերանվանեց հոգեւոր նոր անուններով. Արայիկ սրկ. Ղալայանը վերանվանվեց Տ. Ներսես, Վարդան սրկ. Սարոյանը` Տ. Արսեն, Արսեն սրկ. Մարուքյանը` Տ. Տաթեւ, Հովիկ սրկ. Մալխասյանը` Տ. Եզնիկ, Անդրանիկ սրկ. Առաքելյանը` Տ. Փառեն, Գոռ սրկ. Նազարյանը` Տ. Արշակ, Պետրոս սրկ. Գումբալյանը` Տ. Արարատ:
Ձեռնադրությունից հետո Սահակ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց եւ, անդրադառնալով հոգեւորականի քրիստոսատուր առաքելությանը, ընդգծեց, որ նորընծա քահանաները հոգեւոր հայրեր պիտի լինեն ժողովրդի համար, պիտի ապրեն նրանց հոգսերով եւ մխիթարանք ու սփոփանք բերեն իրենց բանավոր հոտին:
«...Դուք ժողովրդի հայր պիտի լինեք: Պիտի սրբեք նրանց արցունքները, պիտի մտնեք փոթորկալի տները եւ խաղաղություն բերեք, աղքատներին պիտի բերեք հույս, իսկ հիվանդներին` բժշկություն: Ձեզ պիտի տեսնեն ու ասեն, որ իրենց հոգեւոր հայրն է գալիս: Ձեր այս մեծ առաքելության մեջ դուք մենակ չեք, քանի որ Տեր Հիսուս տվեց Սուրբ Հոգին, եւ դուք այսօր, քահանայական այս ձեռնադրությամբ, ստացաք Սուրբ Հոգու զորությունն ու շնորհները: Միայն թե այդ շնորհները նման են սերմերի. եթե չցանվեն ու չխնամվեն, ապա չեն մեծանա: Ուստի դուք ձեր ստացած շնորհներն ի գործ պիտի դնեք եւ օգտակարություն բերեք մխիթարանքի կարոտ մեր ժողովրդին: Քահանայի գործն Աստծո եւ ժողովրդի միջեւ միջնորդ լինելն է: Աստծուց օրհնություն պիտի առնեք ու բաշխեք ժողովրդին, իսկ ժողովրդից պիտի առնեք նրանց հոգսերն ու խնդիրները եւ մատուցեք Աստծուն: Դժվարին, բայց փառավոր է ձեր առաքելությունը»,-նշեց Սրբազան Հայրն իր քարոզում:
Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջանն ավարտելուց հետո, Նորին Սրբության բարձր տնօրինությամբ նորաօծ եկեղեցականները հովվական ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում: