Քահանայական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հոկտեմբերի 1-ին` Վարագա Սբ. Խաչի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կատարվեց քահանայական ձեռնադրություն: Սրբազան արարողությունը հանդիսապետում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հընթացս Սբ. Պատարագի, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Քահանայից լսարանի շրջանավարտ իննը սարկավագներ ստացան քահանայական աստիճաններ: Ձեռնադրող Սրբազան Հայրը նորընծա քահանաներին վերանվանեց հոգեւոր նոր անուններով` Հովհաննես սրկ. Յապարյանը կոչվեց Տ. Վարագ, Սահակ սրկ. Ղազարյանը` Տ. Աշոտ, Խոսրով սրկ. Եսայանը` Տ. Թորոս, Սամվել սրկ. Խանոյանը` Տ. Շիրակ, Արմեն սրկ. Աշուրյանը` Տ. Մովսես, Հովհաննես սրկ. Գրիգորյանը` Տ. Հակոբ, Անդրեյ սրկ. Սարգսյանը` Տ. Նշան, Գարեգին սրկ. Համբարձումյանը` Տ. Արսեն եւ Գեւորգ սրկ. Մկրտչյանը` Տ. Պսակ:
Ապա, Գերաշնորհ Ներսես սրբազանը, դիմելով նորընծա քահանաներին, մաղթեց. «Սիրելի քահանա եղբայրներ, ահավասիկ օծումը կատարեցինք ձեր քահանայության: Ամեն մեկիդ նոր անուն տվեցինք, ամեն մեկդ դարձաք նոր մարդ: Եվ իբրեւ նոր մարդ` Սուրբ Հոգով ներշնչված, Սուրբ Հոգով սնված եւ աստվածային շնորհներով օժտված, դուք վաղը նոր պաշտոնի պիտի անցնեք մեր ժողովրդի կյանքի մեջ: Թող Աստված ձեր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները վերացնի, թող Սուրբ Հոգին իր շնորհները բաշխի ձեր առօրյա հովվական կյանքի մեջ եւ ձեզ զորավիգ կանգնի: Ուր էլ որ ծառայեք, պիտի հիշեք Աստծո ողորմածությունը ձեր վրա եւ նաեւ չմոռանաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որու օրհնությամբ է, որ դուք այսօր քահանայական պատիվն զգեցաք»:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սբ. Խորան բարձրացան եւ նորընծա քահանաներին շնորհավորեցին նաեւ Մայր Աթոռի միաբանները:
Մայր Աթոռում իրենց քառասնօրյա պահեցողության շրջանն ավարտելուց հետո, Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նրանք կնշանակվեն հովվական ծառայության: