Ցավակցագիր Սարգիս Մուրադյանի մահվան կապակցությամբ
Անվանի գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մահվան կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է ուղղել հանգուցյալի ընտանիքի անդամներին ու մերձավորներին:
Հայրապետական ցավակցագրի մեջ ասվում է. «Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի տաղանդավոր զավակ Տիար Սարգիս Մուրադյանի մահվան մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր անկեղծ ցավակցությունն ենք բերում հոգելույս հանգուցյալի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին, ստեղծագործող ընկերներին ու մերձավորներին:
Սարգիս Մուրադյանը իր բարձր արվեստով արժանի տեղ ունի հայ գեղանկարչության երախտավորների շարքում: Գեղարվեստի շնորհաշատ ու նվիրյալ մշակը իր բեղմնավոր կյանքի ընթացքում ստեղծեց ուրույն եւ մեծարժեք կտավներ, որոնք հարստացնում են հայ մշակույթի անդաստանը:
Ջերմ սիրով նա ծառայեց մեր Հայրենիքին ու ժողովրդին, իր նվիրումն ու անմնացորդ ջանքերը բերելով նաեւ Հայաստանի անկախության վերահաստատմանն ու մեր երկրի առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարմանը: Հայրենասեր հայորդին բարի հիշատակ է թողնում մեր ժողովրդի հոգում` ի Տեր ննջելով արժանավոր գործերով եւ ստեղծագործական արգասավոր վաստակով:
Մեր հոգեբուխ աղոթքն է« որ Բազումողորմ Աստված երկնային երանավետ բարձունքներում խաղաղության մեջ ընդունի Իր ծառայի` Սարգիս Մուրադյանի լույս հոգին` դասելով «ընդ սուրբս եւ ընդ սիրելիս անուան Իւրոյ»: Թող Տերը Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն ու սփոփանք պարգեւի Մուրադյան ընտանիքի սգակիր անդամներին»: