Ցավակցագիր Հայ Կաթողիկե Պատրիարքի վախճանման առիթով

Ցավակցագիր Հայ Կաթողիկե Պատրիարքի վախճանման առիթով

    Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` Հայ Կաթողիկե Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու վախճանման կապակցությամբ:
     Վեհափառ Հայրապետը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր դասին և հավատացյալներին:
     Նորին Սրբությունն ընդգծել է լուսահոգի Պատրիարքի երկար տարիների նվիրյալ ծառայությունը Հայ Կաթողիկե Եկեղեցու անդաստանում` ի խնդիր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման, հոգևոր ժառանգության պահպանման ու արժևորման:
     Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել, որ Տերը երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ քաղցրությամբ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Ներսես Պետրոս ԺԹ Հայ Կաթողիկե Պատրիարքի և Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը շնորհի Հայ Կաթողիկե Եկեղեցու վշտակիր միաբանությանը և հավատացյալներին: