Տիրոջ խաչելություն եւ թաղում

Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Օրվա արարողություններն սկսվում են Ավագ Հինգշաբթի երեկոյան Խավարման կարգով :

Խավարում: Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին եւ մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության եւ մեղքերի քավության համար:

Խավարման արարողության ժամանակ խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր եւ մեկ հատ մեծ` նրանց միջեւ: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի եւ Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ եւ Սբ. Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, եւ երգվում է «Փառք ի բարձունս»-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. «Փա¯ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրա` խաղաղությո¯ւն, եւ հաճությո¯ւն` մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս երգի վերջին խոսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը եւ փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր միայնակ:

Որբաթ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի: