Տեղի ունեցավ Տ. Շնորհք Ծ. Վրդ. Գասպարյանի հուղարկավորության արարողությունը
Մարտի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, հանգուցյալի հարազատներ և մտերիներ: Բարեհիշատակ Հայր Սուրբն ի Տեր հանգչել էր մարտի 3-ին ԱՄՆ Բելվիլ Իլլինոյի հիվանդանոցում:
Արարողության ընթացքում հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված` հանգուցյալ Հայր Սուրբի հոգու հանգստության և խաղաղության համար:
Հուղարկավորությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց արարողությանը մասնակից միաբաններին ու հանգուցյալ Հայր Սուրբի մտերիմներին` ցավով նշելով, որ Հայ Եկեղեցին կորցրեց Եկեղեցու, ազգի և հայրենիքի նվիրյալ, անսասան հավատքի տեր, աստվածսիրության խորը ապրում ունեցող հոգևորականի: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայր Շնորհքն օրինակելի անձ էր իր եկեղեցասեր ծառայությամբ ու նվիրումով, պարկեշտ ու խոնարհ վարքով և կյանքով: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ հանգուցյալ Շնորհք վարդապետի բարի հիշատակը կշարունակի ոգեշնչել երիտասարդ հոգևորականներին նաև իր եկեղեցանվեր բարեսիրական ձեռնարկումներով: Հանգուցյալ Հայր Սուրբի նվիրատվությամբ տարիներ առաջ Վաղարշապատում հիմնվել է «Շնորհք Գասպարյան» տարեցների տունը, որն առաջիկայում կսկսի գործել Հայր Շնորհքի անձնական խնայողություններով հաստատված հիմնադրամի շնորհիվ: Ի Տեր հանգչած նվիրյալ հոգևորականը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին է նվիրել նաև իր անձնական գրադարանը` մեծապես կարևորելով հոգևորականաց դասի պատրաստությունը:
Վերջում վերստին աղոթք բարձրացնելով հանգուցյալ Հայր Սուրբի համար` Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստծո օրհնությունը լույսի շողերով իջնի Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի շիրիմին: