Տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը
Հոկտեմբերի 19-ին Տավուշի թեմում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողությունը:
Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ՄԱԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Շարժայի հայ համայնքի անդամներ և հյուրեր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված վանքի բացման և օրհնության արարողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիկոպոս Պետրոսյանը: Սրբազանն իր ուրախությունն արտահայտեց շնորհիվ Շեյխ Քասիմիի վանքի հիմնանորոգության և բարեկարգման առիթով` ընդգծելով, որ այն սիրելի ուխտավայր է ինչպես հայորդիների, այնպես և Հայաստան այցելող օտարազգիների համար: Եզնիկ Սրբազանը նաև անդրադարձավ վանքերի կարևոր պատմական դերակատարությանը` ընդգծելով, որ բարենորոգված Հաղարծինն այսուհետ լիարժեք գործելով կվերագտնի իր հիմնական առաքելությունը` դառնալով միջկրոնական երկխոսության գործնական վկայությունը:
Այնուհետև իր սրտի խոսքն ասաց տիար Համիդ Դիյա Ջաֆարը: Շնորհավորելով վանքի վերաբացման առիթով` տիար Ջաֆարը ամենքին փոխանցեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ափսոսանքը, որ չի կարողացել անձնապես ներկա գտնվել այս հատկանշական և մեծ իրադարձությանը: Շարժայի կառավարչի նվիրակն անդրադարձավ նաև Արաբական աշխարհում և մասնավորապես Միացյալ Արաբական Էմիրություններում բնակվող հայերի նկատմամբ արաբ ժողովրդի վերաբերմունքին: «...Արաբական աշխարհը մասնավորապես, հակառակ որ հիմնականում մահմեդական է, միշտ գնահատել է հայերին որպես եղբայրների և նրանց համար անվտանգ կեցություն ապահովել: Հայերն էլ իրենց հերթին դարեր շարունակ Արաբական աշխարհը ամենահարմար վայրն են նկատել իրենց ազգային ինքնության պահպանության համար և ի պատասխան` մեծապես նպաստել են իրենց երկրների շենացմանը` հաջողությամբ նեգրավվելով առևտրի, արհեստների և այլ ոլորտներում:
Նորին Գերազանցություն Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին միշտ բարձր է գնահատել Շարժայի հայ համայնքին՝ որպես հասարակության բարեպաշտ, հավատավոր, վստահելի և աշխատասեր անդամների, ընդգծելով հատկապես հայորդիների սերը գիտելիքի և կրթության նկատմամբ: Նորին Գերազանցության սերն ու գնահատանքը Շարժայի հայ համայնքի հանդեպ լավագույնս դրսևորվեց, երբ նա տարածք նվիրաբերեց Արաբական Միացյալ Էմիրություններում միակ հայկական եկեղեցու կառուցման համար, որն օծվեց 1998 թվականին», - նշեց տիար Համիդ Ջաֆարն իր խոսքում` հավելելով, որ շեյխ Սուլթան Բին Մոհամմադ ալ Քասիմին մեծապես հպարտ է նաև պատմական Հաղարծնի վանական համալիրի վերանորոգության գործում ներգրավված լինելու համար:
Իր խոսքում Շեյխ Քասիմիի նվիրակն ընդգծեց, որ Շեյխ Սուլթանը մեծ ակնածանք է տածում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ և բարձր է գնահատում նրա գործունեությունը` նշելով, որ Վեհափառ Հայրապետը և Շարժայի կառավարիչն ունեն միևնույն տեսլականը մի շարք կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդկության խաղաղ և անվրդով կյանքի հենասյուներ հանդիսացող շարունակական միջկրոնական երկխոսությունը, այլ կրոնների և մշակույթների հանդեպ հանդուրժողականությունը, փոխադարձ հանգանքն ու սերը:
Այս առիթով տիար Ջաֆարը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին և տիար Վարուժ Ներգիզյանին` Հաղարծնի վանական համալիրի վերանորոգության գործում ներդրած ջանքերի համար:
Ապա վանքի բացման առիթով ներկաներին շնորհավորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր խոսքում ԱԺ նախագահն անդրադարձավ մասնավորապես հայ-արաբական դարավոր բարեկամությանը և ներկայիս համագործակցությանը Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև: Այնուհետև տիար Աբրահամյանը տեղեկացրեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամադ Ալ Քասիմիին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով: Իսկ Շարժայի կառավարչի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարին տիար Աբրահամյանը հանձնեց «Անանիա Շիրակացի» մեդալ` տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում կարևոր ներդրման համար:
Վերջում ներկաներին օրհնության խոսք ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գոհություն ենք մատուցում Երկնավորին, որ օրհնեց Հաղարծնի նշանավոր պատմական համալիրի հիմնանորոգման բարի ձեռնարկումը: Փառք ենք մատուցում Բարձրյալին, որ հավատքը, մարդասիրությունը, եղբայրասիրությունը զորեղ են մարդկային ներաշխարհում, և այդ ոգով երկնահաճո բարեգործություններ են իրականացվում` աստվածաշնորհ կյանքը լցնելով օրհնությամբ և խնդությամբ:
Հաղարծնի վանական համալիրի վերանորոգությունը և միաբանական շենքի կառուցումը իրականացվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ, Շարժայի Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ նվիրատվությամբ: Այսօր թեպետ այստեղ չէ պատվարժան Շեյխը, սակայն մեզ հետ է իր խոհերով, բարի կամեցողությամբ ու բարեկամության ջերմ զգացումներով, որոնք մեզ փոխանցելու է եկել նրա ներկայացուցիչը` մեծարգո տիար Համիդ Դիյա Ջաֆարը:
…Սիրելիներ, Հաղարծնի հինավուրց վանքը` շարականագրի խոսքով արդեն նորափետուր զարդարյալ, իր դռներն է բացում հավատավոր բոլոր ուխտավորների առջև: Բարեզարդված այս կամարների ներքո մշտահունչ պիտի լինեն առ Աստված բարձրացող աղոթքն ու գոհաբանական փառաբանությունը, և աստվածային շնորհները պիտի բաշխվեն` զորացնելով աստվածպաշտության առաքինի ընթացքը Տիրոջ հավատավոր հոտի:
Հաղարծնի վանքը ավելի քան հազար տարի իր ներդրումն է բերել հայոց հոգևոր, ազգային-մշակութային կյանքի առաջընթացին: Մեր պատմիչները խոսել են Հաղարծնի մասին նաև որպես ուսումնագիտական հայտնի կենտրոնի, որը մեծապես նպաստել է ազգային մեր անդաստանում կրթության և լուսավորության տարածմանը և հայ գիտական մտքի զարգացմանը: Բարեկարգ պայմաններում նոր պայծառությամբ պիտի գործի Հաղարծնի վանքը և վանական կյանքի վերահաստատումով պիտի արգասավորվի Ավետարանի քարոզության ու կրթագիտական նրա առաքելությունը:
Պատվարժան Շեյխի վսեմագործությունը արտահայտությունն է հայոց հանդեպ նրա եղբայրասիրության ջերմ զգացումի և հայ-արաբական բարեկամության: Պատմության դարավոր իրադարձությունների հիշատակներով, տնտեսական ու մշակութային սերտ առնչություններով են շաղկապված հարաբերությունները հայոց և արաբական աշխարհի, որը վաղնջական օրրաններից է մարդկության քաղաքակրթության: Հայ-արաբական բարեկամությունը փրկարար եղավ մեր ժողովրդի համար Հայոց Ցեղասպանության դժնդակ օրերին, երբ Եղեռնից մազապուրծ բազմահազար հայորդիներ ապաստանեցին արաբական աշխարհի տարբեր երկրներում, հոգածություն, հյուրասիրություն ու խնամք գտան իրենց արաբ եղբայրների և քույրերի կողմից: Արաբական բարեկամ երկրների իշխանությունները ամենուր սատար և աջակից եղան հայորդիներին` կազմակերպելու ազգային-հոգևոր իրենց կյանքը, քանզի վստահ էին հայ համայնքների օրինապահ ընթացքին և բարեկամական զգացումներին եղբայր ժողովուրդների նկատմամբ: Մեր ժողովուրդների եղբայրությունը և հաստատված անքակտելի բարեկամությունը առիթ տվեց ազգիս զավակներին մասնակցելու և նպաստելու իրենց համար երկրորդ հայրենիք դարձած արաբական երկրների վերելքին, բարգավաճմանն ու ծաղկումին:
Գոհունակություն է Հայոց Հայրապետիս համար անդրադառնալ, որ պատվարժան Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ-Քասիմին զորակից եղավ Շարժայում հայ համայնքի հաստատմանը և հավատավոր մեր զավակների ազգային կյանքի կազմակերպմանը: Պատվարժան Շեյխի ազնիվ զորակցությամբ է կառուցվել Շարժայի հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի շուրջ ներկայիս համախմբված է հայ համայնքի կյանքը: Այստեղ բնակություն հաստատած մեր ժողովրդի զավակները` գործարարներ, արհեստավորներ, բժիշկներ, ճարտարապետներ, ճարտարագետներ, երախտագետ սրտով իրենց բարի նպաստն են բերում Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացմանն ու բարգավաճմանը: Ուրախալի է, որ այսօր զարգացում են ապրում Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերությունները: Տարիներ առաջ հարգարժան Շեյխի Հայաստան այցելությամբ այդ հարաբերություններն առավել ամրապնդվեցին` գիտական, մշակութային, տնտեսական բնագավառներում համագործակցության, ինչպես նաև քաղաքակրթությունների երկխոսության նոր հեռանկարներով:
Այս նշանակալի առիթով Մեր հավատավոր ժողովրդի անունից ի դեմս մեծարգո տիար Համիդ Դիյա Ջաֆարի` խորազգաց շնորհակալություն ենք հայտնում և Մեր գնահատանքը բերում Շարժայի Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ-Քասիմիին իր ազնիվ հանձնառության համար` մաղթելով արևշատ կյանքի երկար օրեր, բարի կառավարում և երկնահաճո գործոց հաջողություններ», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունն բերեց նաև վանական համալիրի նորոգությանը նպաստ բերած «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նորոգության գործում մեծ ջանքեր ներդրած հայորդիներին` տիար Վարուժան Ներգիզյանին և Հրայր Սողոմոնյանին, ինչպես նաև` վերականգնող ճարտարապետներին ու շինարարներին:
Իր խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը հրավիրեց ներկաներին հայ և արաբ ժողովուրդների բարեկամության գեղեցիկ նոր վկայություն մատուցող Հաղարծնի վանական համալիրից միասնական աղոթք բարձրացնել երկինք` հայցելով, որ Ամենակալն Աստված հաստատուն պահի մեր երկրների ու ժողովուրդների եղբայրությունը, ամրապնդի խաղաղությունն ու համերաշխությունը աշխարհում, համայն մարդկության կյանքում:
Արարողության ավարտից հետո ներկաները շրջայց կատարեցին վանական համալիրում: