Տեղի ունեցավ «Երաշտ և բողբոջ» համապետական ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը

Տեղի ունեցավ «Երաշտ և բողբոջ» համապետական ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը 20.12.2015
Տեղի ունեցավ «Երաշտ և բողբոջ» համապետական ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ՀՀ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների շրջանում ընթացիկ տարում անցկացրեց Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Երաշտ և բողբոջ» համապետական ֆոտոմրցույթը:

Մրցույթը մեկնարկել էր ընթացիկ տարվա ապրիլ ամսից: Մրցույթին ՀՀ տարբեր մարզերից և քաղաքամայր Երևանից մասնակցել էին շուրջ 4000 աշակերտներ, ովքեր իրենց աշխատանքները տեղադրել էին մրցույթի համար ստեղծված կայքում: Մրցույթի արդյունքներն ամփոփեց և մրցանակների արժանի աշխատանքներն ընտրեց այս առիթով ձևավորված հատուկ հանձնախումբը:

Դեկտեմբերի 19-ին Երևանի Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ կառուցված և Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ ՔԴԿ-ին տրամադրված նոր մասնաշենքի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության միջոցառումը, որին ներկա էին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, հոգևոր հայրեր, հասարակական և բարեսիրական կազմակերպությունների ու հիմնադրամների ղեկավարներ, ՔԴԿ համագործակից կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Միջոցառման ընթացքում մրցույթում հաղթողներին հանձնվեցին մրցանակներ: «Լավագույն աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աննա Գրիգորյանը (Լոռու մարզ, գ. Ձորագյուղ, Ձորագյուղի հիմնական դպրոց, 9-րդ դաս.), «Լավագույն մտահղացում» անվանակարգում՝ Զարուհի Ղազարյանը (Արագածոտնի մարզ, գ.Եղիպատրուշ, Եղիպատրուշի միջնակարգ դպրոց, 10-րդ դաս.) և «Հատուկ մրցանակ» անվանակարգում՝ Խորեն Ամիրխանյանը (Արագածոտնի մարզ, Արագածավան գյուղ, Արագածավանի թիվ 1 միջն. դպրոց, 10-րդ դաս):
Եվս տասնչորս աշխատանքների հեղինակներ՝ Աննա Մանուկյանը (Շիրակի մարզ, Աշոցքի մ/դ, 6-րդ դաս.), Էմմա Հայրապետյանը (Արարատի մարզ, ք. Վեդի, Խ. Սողոմոնյանի անվ. Թ. 2 հիմ. դպրոց, 8-րդ դաս.), Իննա Սարիբեկյանը (Տավուշի մարզ, Դիտավանի հիմնական դպրոց, 8-րդ դաս.), Լուսե Բաբախանյանը (Լոռու մարզ, Վանաձորի Ս. Նալղռանյանի անվ. թիվ 13 ավագ դպրոց, 10-րդ դաս.), Կարապետ Խաչատրյանը (Արագածոտնի մարզ, գ. Ագարակ, Տաճատ Թերլեմեզյանի անվ. միջնակարգ դպրոց, 5-րդ դաս.), Մանե Գաբրիելյանը (Երևան, Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 ավագ դպրոց, 11-րդ դաս.), Մարիամ Գալստյանը (Արարատի մարզ, Բաղրամյան, Թ. Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոց, 8-րդ դաս.), Մելանյա Աբգարյանը (Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Չարենցի անվան թիվ 9 դպրոց, 10-րդ դաս.), Միքայել Թավադյանը (Արցախ, Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց, 11-րդ դաս.), Նարինե Մանուկյանը (Գեզարքունիքի մարզ, Գավառ քաղաք, 2 միջնակարգ դպրոց, 8-րդ դաս.), Սյուզաննա Թաթոսյանը (Գեղարքունիքի մարզ, Գեղհովիտի 2 միջն. դպրոց, 7-րդ դաս.), Սոֆյա Սերոբյանը (Լոռու մարզ, գյուղ Շահումյան, Շահումյանի միջն. դպրոց, 12-րդ դաս.), Սվետլաննա Քոլյանը (Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի աշակերտ, 6-րդ դաս.) և Վարդուշ Կիրակոսյանը (Արագածոտնի մարզ, Ակունքի միջնակարգ դպրոց, 9-րդ դաս.) պարգևատրվեցին լավագույն մասնակցության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն