Տեղի ունեցավ «Բնապահպանություն եւ Աստվածաբանություն» գրքի շնորհանդեսը
Հունիսի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի եւ Երեւանի Պետական Համալսարանի համատեղ ջանքերով լույս տեսած «Բնապահպանություն եւ Աստվածաբանություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Վազգենյան Հոգեւոր դպրանոցի փոխտեսուչ Տ. Մինաս քահանա Մարտիրոսյանի, ԵՊՀ էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի վարիչ Կառլեն Գրիգորյանի եւ ԵՊՀ էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Եսայանի համահեղինակությամբ: Գրքի հրատարակությունն իրականացվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հովանավորությամբ` «Կանաչ աստվածաբանություն» ուսումնական ծրագրի շրջանակներում: Գրքում ներկայացված են էկոլոգիայի եւ բնապահպանության հիմունքները եւ Քրիստոնեական Եկեղեցու տեսակետն էկոլոգիական ճգնաժամի մարդածին լինելու վերաբերյալ: Որպես այդ ճգնաժամից դուրս գալու միակ ու ճշմարիտ ճանապարհ` նշվում է մարդու ապաշխարությունը` զուգակցված քրիստոնեական հիմնական առաքինություններով զարդարվելու եւ իր բարձրագույն կոչմանը հասնելու փափագով:
Հանդիսությունը բացվեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Այնուհետեւ մարդ արարածի` բնության պահպանության ու խնամքի աստվածավանդ առաքելությանն անդրադարձավ Արցախի թեմի առաջնորդ, Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որն ընդգծեց մարդու դերն արարչության մեջ ոչ իբրեւ տիրակալի, այլ առաջնահերթորեն իբրեւ խնամակալի ու մշակի: Ապա հրատարակության կարեւորության մասին խոսեց ԵՊՀ Կրթության վարչության պետ Հ. Ժամհարյանը` ընդգծելով, որ այս ոլորտում սա առաջին հայալեզու ձեռնարկն է եւ մեծ արժեք է ունի ուսանողների համար: Տ. Մինաս քահանան ու Կ. Գրիգորյանը ներկայացրեցին գրքի ստեղծման ընթացքն ու ներառած խնդիրները: Ելույթ ունեցան նաեւ բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ` զուգահեռներ տանելով քրիոստոնեական աստվածաբանության եւ բնապահպանության միջեւ:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն վրդ. Նանյանը եւ Վազգենյան Հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Մկրտիչ վրդ. Պռոշյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՀԽ նախկին գլխավոր քարտուղար Կոնրադ Ռայզերը, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի եւ ԵՊՀ պաշտոնեությունը, այլ հարանվանությունների եւ բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: