Տեղի ունեցավ «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը
Դեկտեմբերի 16-ին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Արմեն Աշոտյանի, տեղի ունեցավ «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Ծրագիրը, որի նպատակն էր ավետարանական առակների բեմականացման միջոցով ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտներին հաղորդ դարձնել սուրբգրային ճշմարտություններին, իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) կողմից` օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և աջակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարարի:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել էին մրցույթի տարածաշրջանային, ընտրական և մարզային փուլերը: Տարածաշրջանային փուլին մասնակցել էին ավելի քան 800 դպրոցներ, որոնցից լավագույն 134-ը մասնակցել էին մրցույթի ընտրական և ապա այդ դպրոցներից ընտրված լավագույն 43-ը՝ մարզային փուլին:
Դեկտեմբերի 8-10–ը Էջմիածնի Հայորդյաց տան դահլիճում կայացել էր մրցույթի հանրապետական փուլը, որին Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանից մասնակցել էին տասնհինգ դպրոցներ:
Մրցանակաբաշխության արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ով անդրադարձավ ընթացիկ տարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հոգևոր-կրթական ոլորտում իրականացված աշխատանքներին` մասնավորապես դրանց արդյունավորման գործում կարևոր նկատելով Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության սերտ համագործակցությունը: Սրբազանը ներկայացրեց նաև ծրագրի հղացման և իրականացման պատմությունը:
Այս առիթով մրցանակաբաշխության մասնակիցները դիտեցին մրցույթի կազմակերպման և իրականացման ընթացքի մասին «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած ֆիլմը:
Ապա խոսք ասաց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ուրախություն հայտնելով մրցանակաբաշխության կապակցությամբ` տիար Արմեն Աշոտյանն իբրև դրական ձեռքբերում նկատեց այն, որ համատեղ իրականացվող այս աշխատանքները նպաստում են պատանիների և երիտասարդների շրջանում բարոյական արժեքների առավել ամրապնդմանն ու յուրացմանը: Իր խոսքում փաստելով Հայ Եկեղեցու ունեցած վիթխարի դերակատարությունը կրթական ոլորտում և այսօրվա արդյունավետ համագործակցությունը Մայր Աթոռի և նախարարության միջև` ՀՀ Կրթության և գիտության նախարարը բարեհաջող իրականացված ծրագիրն իբրև շնորհավորական ուղերձ որակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի 15-ամյա գահակալության առիթով:
ԱԺ պատգամավոր տիկին Կարինե Աճեմյանը, ով նաև ընդգրկված էր հանրապետական մրցույթի հանձնախմբի կազմում, ներկայացրեց մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, «Հայրապետական մրցանակի» արժանացավ Արարատի մարզի Արարատի թիվ 4 հիմնական դպրոցը, «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արմավիրի մարզի Ապագայի միջնակարգ դպրոցը, «Լավագույն կատարում» անվանակարգում` Երևանի Ա. Մկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցը և «Լավագույն բեմադրություն» անվանակարգում` Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Կրթության և գիտության նախարարը մրցույթի հաղթող դպրոցների տնօրեններին վկայագրեր և հոգևոր գրականություն հանձնեցին:
Մրցանակների հանձնումից հետո մրցանակաբաշխության մասնակիցները դիտեցին լավագույն չորս դպրոցների` «Անառակ որդու առակը» համադրված ներկայացումը:
Վերջում մրցույթի մասնակիցներին և ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մենք անհուն բավականությամբ դիտեցինք այս ներկայացումը և մեծ խնդություն ապրեցինք, որ 800 դպրոցներ արձագանքել են այս նախագծին, այս ծրագրին` մարմնավորելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի առակները: Պատահական չէր, որ այս տարվա համար ընտրվեց «Ավետարանական առակների ներկայացում» թեման: Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր պատգամները շատ հաճախ փոխանցում էր մարդկանց, իր հետևորդներին առակների միջոցով, և մենք ցանկացանք, որ այս առակները, որ ամենապարզ շարադրանքն ունեն Ավետարանում, նաև այնքան գունեղ են, այնքան խորիմաստ ու խորախորհուրդ, որպեսզի մեր մատաղ զավակունք հաղորդակից դառնան ավետարանական այս պատումներին և այնտեղից քաղեն դասեր իրենց համար, իրենց կյանքի համար և շարունակեն ապրել և ձևավորել իրենց կյանքը Ավետարանի պատվիրաններով ու պատգամներով` բարու մեջ, ազնվի մեջ, արդարի մեջ», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ծրագրին մասնակից յուրաքանչյուր մանուկի հոգում կդրոշմվեն ավետարանական առակների պատգամն ու խորհուրդը: «Մենք անչափ ուրախ ենք, որ մեր երեխաները մեծանում են` հաղորդ Քրիստոսի ավետարանական պատգամներին, հաղորդ մեր Եկեղեցու պատմությանն ու մեր ազգային արժեքներին: Այդպես է, որ մենք պիտի երաշխավորված տեսնենք մեր ժողովրդի երթը դարերի մեջ, մենք պիտի տեսնենք նաև մեր վաղվա բարօր օրը, որ այս երեխաների ձեռքում է, և այս երեխաներն են, որ պիտի կերտեն: Մենք վստահ ենք, որ ազգային ոգով ու նկարագրով, ազգային ինքնության բարձր գիտակցությամբ հասակ առնելով, մեծանալով նրանք լավագույն քաղաքացիները պետք է լինեն ազգի, Հայրենիքի, նրանք լավագույն զավակները պիտի լինեն իրենց ծնողների և մեր Սուրբ Եկեղեցու: Պիտի զորանա, շենանա Հայրենիքը, պիտի պայծառանա մեր Սուրբ Եկեղեցին, որովհետև հավատի անձեր են, որ հասակ են առնում ազգային մեր կյանքում, ովքեր իրենց հոգու հավատքից պիտի բխեցնեն հավատո բարի և ազնիվ գործեր», - ընդգծեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Մենք ցանականում ենք ունենալ ազնիվ ու բարի հայորդիներ, Աստծո և ազգի արժանի զավակներ», - հավելեց Հայոց Հովվապետը` իր գնահատանքն այս առիթով հայտնելով բոլոր դպրոցներին` տնօրեններին, մանակավարժներին, ծնողներին և սաներին, ովքեր ներգրավված են նման միջոցառումներում, որ նպատակ են հետապնդում կրթելու, դաստիարակելու մատաղ սերնդին: Նորին Սրբությունը նաև մասնավոր իր գնահատանքը հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, ԿԳՆ և ՔԴԿ աշխատակիցներին իրենց արդյունավոր ծառայության և բեղմնավոր գործակցության համար:
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի միաբաններ, Արարատի մարզպետ տիար Ռուբիկ Աբրահամյանը, կրթության և գիտության մշակներ: