Տեղեկատվության Խնդրանքով
«Որպես Ցեղասպանություն վերապրած ազգ, մենք` հայերս, շատ լավ զգում ենք այդ սոսկալի ոճրի ահավոր ցավը եւ տառապանքը, եւ մեր Եկեղեցին բազմիցս հաստատել է, որ այդ մեծ ոճիրը ուղղված է ոչ թե մեկ ժողովրդի, ազգի կամ էթնիկական խմբի դեմ, այլ ոճիր է ամբողջ մարդկության նկատմամբ»:
Գարեգին Բ, Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մոտենում է Հայոց Ցեղասպանության 94-րդ տարելիցը, եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հանդես է գալիս տեղեկատվության հատուկ խնդրանքով:
«…Բոլոր ժամանակների գերագույն ձգտումն ու նպատակը, գերագույն ջանքը պիտի լինի, որպեսզի հաղթանակող մնան մարդասիրությունը, իրավունքն ու արդարությունը` ընդդեմ ատելության ու թշնամության, ահաբեկչության ու պատերազմի եւ այլ չարիքների, որոնք տեղ ունեն արդի մեր իրականության մեջ, դարի մարտահրավերներն են մարդկության առջեւ ծառացած»:
Գարեգին Բ, Ամենայն Հայոց Կաթողիկոս
Եվրոպական շատ երկրներում հայ ժողովուրդը իր մասնակցությունը բերեց Հոլոքոստի ժամանակ հրեա ժողովրդի փրկության եւ պաշտպանության գործում: Այնուամենայնիվ, միայն մի քանիսի անուններն են մեզ հայտնի, որոնցից մեկը` Արա Երեցյանն է, ում անունը հայտնի է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պրն. Երեցյանը փրկել է մեծ թվով հունգարաբնակ հրեաների:
Սակայն քիչ հայտնի են երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սխրանքները, ով այդ տարիներին Ռումինիայում փրկեց հրեա երեխաներին ֆաշիստական բնաջնջումից:
Միջազգային Ռաուլ Վոլենբերգ հիմնադրամը խնդրանքով դիմել է Հայ Եկեղեցուն գտնել այն հայ ժողովրդի զավակներին, ովքեր Հոլոքոստի ժամանակ իրենց մասնակցությունն են ցուցաբերել տուժածներին փրկելու գործում:
«Հայ ժողովրդի համար Ցեղասպանության մեծագույն աղետով սկսված 20-րդ դարը մարդկության պատմության մեջ մնաց իբրեւ երկու համաշխարհային պատերազմերի դար: Նույն այն մտածողությամբ, որով կազմակերպվեցին սոսկալի, վայրագ ջարդերը հայերի, ծնունդ առան համակենտրոնացման ճամբարներն ու գազախցիկները: Նոր դար է սկսվում եւ պիտի սկսվի նոր մտածողությամբ` բռնությունն ու ոճիրը մերժող եւ մարդասիրական արժեքները հաստատող»:
Գարեգին Բ, Ամենայն Հայոց Կաթողիկոս
Միջազգային Ռաուլ Վոլենբերգ հիմնադրամը հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ կոնգրեսական Թոմ Լանթոսի եւ միջկրոնական գործիչ Բարուխ Թենեմբաումի կողմից: Հիմնադրամի առաքելությունն է ճանաչել, պատվել, պաշտպանել եւ հրապարակայինորեն ընդունել ողջակիզման եւ ցեղասպանության տուժածների պաշտպաններին: Նորին Սրբությանն ուղղված իր նամակում պրն. Թենեմբաումը նշում է. «Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի այս փրկության գործում, բայց պետք է ընդունել, որ միայն քչերն են հայտնի դարձել: Մեր պարտքն է բացահայտել նրանց հերոսությունը, որպեսզի հետագայում կանխենք ցեղասպանությունները»:
Սույն խնդրանքին, եկեղեցու դրական պատասխան նամակում մասնավորապես նշվում է. «Նորին Սրբությունը մի քանի անգամ նշել է, որ եթե Հայոց Ցեղասպանությունը ճանաչվեր եւ պատժվեր ժամանակին, ապա հրեա ժողովրդի ողջակիզումը, ինչպես նաեւ շատ այլ ցեղասպանություներ հնարավոր կլիներ կանխել»:
Հիմնադրամը պահանջում է վկայություններ, որը լույս կսփռի Հոլոքոստի ժամանակ հայերի ցուցաբերած փրկարար սխրանքների վրա: Տեղեկությունը կարող եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուղարկել հետեւյալ հասցեով` [email protected] : Հարկ եղած դեպքում այն կարող ենք թարգմանել եւ ուղարկել Վոլենբերգ հիմնադրամ:
Կամ տեղեկատվությունը կարող եք անմիջապես ուղարկել Միջազգային Ռաուլ Վոլենբերգ հիմնադրամ
International Raoul Wallenberg Foundation
ARGENTINA
Corrientes Ave. 1145, Fl.# 11
C1043AAL Buenos Aires
Tel. / Fax 54-11-4382-7872
E-mail:
ISRAEL
Antebi 3
94547 Jerusalem
Tel. 972-2-625-7996
Fax 972-2-623-4430
E-mail:
UNITED STATES
34 East 67th. Street
New York NY 10065
Tel. 1-212-737-3275
Fax 1-212-535-6262
E-mail: