Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին:
Տոնի նախօրեին` փետրվարի 13-ին, Մայր Աթոռի Միածնաէջ Սուրբ Տաճարում երեկոյան ժամերգության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց տերունի տոնի սկիզբն ավետող նախատոնակի հանդիսավոր արարողություն, ապա եւ անդաստանի կարգ, երբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը: Շարականների երգեցողության ներքո բարեպաշտ բազում հայորդիներ իրենց հարկերը տարան Մայր Տաճարի կանթեղներից վառված մոմեր` լուսավորելու Քրիստոսի խորհրդանիշ լույսով:
Փետրվարի 14-ին Մայր Տաճարում հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին` նշելով. «Ոչ ոք չի կարող ժխտել, թե որքան հաստատ է հավատացյալ հայ մարդու հավատը դեպի իր Տերը, դեպի Հիսուսի նախանշած Եկեղեցին: Եվ այդ անսահման հավատով է նա ամեն Տյառնընդառաջի տոնին գալիս եկեղեցի եւ խորանի վրա վառվող կանթեղից լույսի իր մասը տանում իր օջախ` այն Աստծու լույսով լուսավորելու համար: Հայ մարդը հույսի, միասնության, իր կյանքը բարեփոխելու լավատեսության, հոգեւոր վերազարթոնքի, հայ մտածողը իմաստնության, հայ զինվորը անպարտելիության ու հաղթության գաղափարն է ամփոփել այդ լույսի մեջ, ողջ հայության վերածնունդն է ամփոփված այդ լույսի մեջ»:
Հավարտ Սուրբ Պատարագի Վեհափառ Հայրապետի բարձր նախագահությամբ կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: