Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին:
Տոնի նախօրեին` փետրվարի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, երեկոյան ժամերգության ավարտին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նախատոնակի արարողություն եւ անդաստանի կարգ, որով հավատացյալ ժողովրդին ազդարարվեց Տեառնընդառաջի տոնի սկիզբը: Այնուհետեւ Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից բոցավառված մոմով Ամենայն Հայոց Հայրապետը վառեց Մայր շրջափակում պատրաստված Տեառնընդառաջի ավանդական կրակը:
Մայր Աթոռի միաբանները եւ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների եւ ազգային երգերի կատարումներով` բաշխելով ներկա բարեպաշտ ժողովրդին Քրիստոսի խորհրդանիշ լույսը:
Փետրվարի 14-ին տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդաց տների տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Իր քարոզի մեջ Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձավ այս տարի զուգադիպող Տեառնընդառաջի եւ Բուն Բարեկենդանի տոների խորհուրդներին եւ վերջիններիս արտացոլմանն ազգային մեր բանահյուսության մեջ:
Հավարտ Սուրբ Պատարագի Վեհափառ Հայրապետի բարձր նախագահությամբ կատարվեց արդեն ավանդույթ դարձած նորապսակ զույգերի օրհնության կարգը: Արարողությանը ներկա նորապսակներին Նորին Սրբությունը նաեւ հանձնեց նվերներ: