«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռի հովանու ներքո արդեն 7-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԿԳ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչներ, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ:
«Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն» եւ բնագիտական առարկաների գծով անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել, գնահատել եւ խրախուսել մասնագիտական խորը գիտելիքներով, ստեղծագործական եւ դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին: Մրցույթն անց է կացվում հովանավորությամբ Մայր Աթոռի բարերարներ, ամերիկաբնակ քույրեր Սիլվա եւ Իրմա Տեր-Ստեփանյանների:
Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով ու ՀՀ Ազգային հիմնով, որին հաջորդեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի ողջույնի խոսքը: Հայր սուրբը, բարի գալուստ մաղթելով կրթության մշակներին, անդրադարձավ ուսուցչի վեհ կերպարին ու առաքելությանը հայոց ազգային դպրոցի կյանքում:
Ամփոփելով մրցույթի արդյունքներն` ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մրցույթի մասնակից 150 ուսուցիչներից 38-ն անցել են եզրափակիչ փուլ: Նրանց Նորին Սրբությունը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգեւներ եւ հոգեւոր գրականություն:
Առաջին մրցանակի արժանացան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Անժելա Խոսրովյանը (Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց), «Հայոց լեզվի եւ գրականություն» առարկայի ուսուցիչ Արթուր Միքայելյանը (Օշականի հիմնական դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Դավթյանը (Դաշտավանի միջն. դպրոց) եւ «Քիմիա» առարկայի ուսուցիչ Դավիթ Ավագյանը (Ծովագյուղի միջն. դպրոց):
Երկրորդ մրցանակ ստացավ 8 ուսուցիչ, իսկ երրորդ մրցանակ` 10-ը: Մրցանակներ տրվեցին նաեւ մրցույթի մասնակից եւս 16 ուսուցչի:
Հայոց ուսուցչի մեծարման գեղեցիկ այս արարողությունից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին այն ազգախնամ գործունեության համար, որ այսօր իրականացնում է Եկեղեցին հայ ժողովրդի կյանքում:
«Եկեղեցին է դարեր շարունակ ստանձնել կրթելու, արժեքներ սերմանելու, հայ մանուկներին աշխարհ ճանապարհելու դժվարին եւ պատասխանատու գործը: Առանց Եկեղեցու, առանց հոգեւոր արժեքի չկա կրթություն, չկա պաշտպանություն, չկա ապագա», - իր խոսքում նշեց մեծարգո նախարարը:
Վերջում օրհնության իր խոսքն ու գնահատանքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Ձեր ձեռքերում է կերտվում եւ կրթվում մեր ազգի վաղվա օրը: Մեր հորդորն ու պատգամն է, որ աստվածասիրությունը, եկեղեցասիրությունը եւ հայրենասիրությունը, որոնք բովանդակությունն ու հիմն են հայ ինքնության, շարունակեք նույն նվիրումով ու նախանձախնդրությամբ սերմանել մեր զավակների մեջ եւ նրանց հոգիներում վառել սերն այդ լուսավոր, նվիրական ու հիմնարար արժեքների: Թող Աստված զորացնի ձեզ ձեր առաքելության մեջ, որպեսզի առավել արդյունավետ դառնա ձեր աշխատանքը մեր մանկանց կրթության գործում»:
Վեհափառն իր գնահատանքը հայտնեց նաեւ տիար Աշոտյանին, ով նախանձախնդրորեն հետամուտ է այդ արժեքների ամրագրմանը:
Արարողության ընթացքում հոգեւոր եւ ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քառաձայն երգչախումբը: