ՏԻԿԻՆ ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԻՄՈՆԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ

Մեծարգո պարոն Նախագահ, Ձերդ Սրբություն, հարգելի հյուրեր:

Շնորհակալ ենք այս պատմական առիթով մեզ միանալու համար: Ձեզանից ոմանք հանդիպել են ծնողներիս, մյուսները նրանց ճանաչում են աշխարհասփյուռ հայկական հաստատություններին բերած իրենց բացառիկ աջակցության շնորհիվ: Ես կցանկանայի ձեզ ներկայացնել նրանց անձնական պատմությունը:

Մայրս` Մարի Դադյանը, ծնվել է Զմյուռնիայում եւ իր ընտանիքի հետ գաղթել է Նյու Յորք 1915 թվականին:

Հայրս` հինգ երեխաներից ավագը, ծնվել է Քասաբայում, Զմյուռնիայի մոտ: Նրա հայրը` Թագվորը, հացահատիկ եւ սնունդ էր վաճառում, սակայն նրանց կյանքը կենտրոնացած էր եկեղեցու շուրջ, որտեղ պապս գանձապահ էր: Հայրս նրան օգնում էր հավաքել անդամավճարները, պահում էր հաշիվները, ապա դարձավ սարկավագ: Նա սքանչելի տենոր էր:

Սակայն հայրս մեծ երազանքներ ուներ: Նա երազում էր Ամերիկայում իր կյանքը կերտելու մասին: Նա խորհուրդ հարցրեց մի բարեկամից, ով աշխատում էր հաջողակ մի ամերիկյան ընկերությունում: Բարեկամն ասաց. "Գնա տղաս, դու այնտեղ կհաջողես: Ես կվճարեմ քո տոմսի համար":

1920 թվականին 19 տարեկան հասակում ժամանելով Էլլիս Այլընդ ` նա գրպանում ուներ 50 դոլար, որ մայրը տվել էր նրան: Նա գիտեր հինգ լեզու, սակայն անգլերենը դրանց շարքում չէր:

Հաջորդ յոթ տարիների ընթացքում նա տասը տարբեր աշխատանքներ փոխեց, երբեմն երկուսի էր գնում մեկ օրում, Կընետիկըտում եւ Մասաչուսեթսում, եւ ապա միացավ իր երկու ընկերներին Րոդ Այլընդի հաստոցաշինական գործարանում:

Այդ ժամանակ նա վաստակում էր շաբաթական 20 դոլար: Սակայն նրա երազներն ավելի մեծ էին:

1927 թվականին նա փոխադրվեց Դիթրոյթ, քանի որ լսել էր, որ այնտեղ աշխատավորներն ստանում են շաբաթական 25 դոլար:

Դիթրոյթում առաջին երեք աշխատանքներից նա հեռացվեց փորձառության պահասի հետեւանքով: Իր չորրորդ աշխատավայրում նրա վերադասն ասաց. "Եթե համաձայնես գիշերները գալ աշխատանքի, ես կփորձեմ սովորեցնել քեզ: Այլապես պետք է քեզ հեռացնեմ": Նա արագ սովորեց եւ պահպանեց իր աշխատանքը:

Երկու տարի անց նա գնեց գործածված սարքավորումներ եւ հիմնեց ՄԱՍԿՈ ընկերությունը` արտադրելով ավտոմեքենաների պահեստամասեր:

Իմ մորը նա հանդիպեց Նյու Յորքում: Մայրս շատ գրավիչ կին էր, դաշնամուր էր նվագում, իսկ եղբայրները` ջութակ եւ թավջութակ, ու հաճախ համերգներ էին տալիս տանը եւ հայկական միջոցառումների ժամանակ: Նրանք ամուսնացան 1930 թվականին:

Ամենավատ ժամանակներն էին:

Ամերիկան գտնվում էր մեծ ճգնաժամի մեջ, արժեթղթերի շուկան կործանման եզրին էր, մարդիկ աշխատանք չունեին, եւ օր օրի ձեռնարկությունները փակվում էին:

Ծնողներս մնացյալների նման պայքարում էին, սակայն երկու տարվա ընթացքին նրանք բավականին գումար էին խնայել` փոխադրելու համար հորս ընտանիքը, որը 1922 թվականին Զմյուռնիայի հրդեհումից հետո փախչել էր Հունաստան:

1940-ականներին նա արդեն իր մեկ այլ երազանքն իրականացնելու ճանապարհին էր:

Հաջորդ 25 տարիների ընթացքին ՄԱՍԿՈ-ն փոքր հաստոցաշինական խանութից աճեց աշխարհում շինանյութերի մեծագույն ընկերության:

Սակայն նրա սիրտը միշտ հայերի հետ էր:

1953 թվականին, երբ Ալեք Մանուկյանը ընտրվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ, նա եւ մայրս սկսեցին ճամփորդել աշխարհով` գնահատելու հայկական Սփյուռքի կարիքները: Հայրս պարզեց, որ կարիք չկար մտահոգվելու Եկեղեցու համար, քանի որ 200 եւ ավելի հայորդիներից բաղկացած յուրաքանչյուր համայնք արդեն կառուցել էր, գնել կամ վարձակալել էր եկեղեցի:

Սակայն դրանից բացի շատ քիչ բան ունեին: Հայրս իր նախագահության տարիները նվիրեց աշխարհով մեկ հայկական դրպրոցների եւ կենտրոնների ստեղծմանը: Այնուամենայնիվ, նա միշտ ասում էր, որ Եկեղեցին կարեւորագույն հայկական հաստատությունն է:

1954-ը առանձնահատուկ տարի էր, քանի որ այդ տարում մայրս մեր ընտանիքից առաջինն էր, որ այցելեց Հայաստան` իրբեւ պատգամավոր մասնակցելու Նորին Սուրբ Օծություն Վազգեն Ա-ի ընտրությանը:

Ես միշտ ափսոսացել եմ, որ ծնողներս տկար առողջականի պատճառով չեն կարողացել Հայաստան ճամփորդել անկախությունից հետո եւ տեսնել տարեց տարի տեղ գտնող հսկայական առաջընթացը:

Հայրս կյանքի ընթացքում շատ պատիվների է արժանացել: Սակայն նրա ամենահպարտ պահն էր, երբ 1993-ին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան շնորհեց Հայաստանի Ազգային Հերոսի տիտղոսը:

Այսօր ես զգում եմ` ծնողներս ժպտում են երկնքում` հիացած, որ նոր շրջան է սկսվել իրենց կյանքում, եւ երախտագիտություն հայտնում Նորին Սրբությանը, որ այժմ եւ հավետ հանգչելու են Սուրբ Էջմիածնի օրհնյալ հողում, որը սիրտն ու հոգին է յուրաքանչյուր հայի` անցյալի, ներկայի եւ ապագայի:

Վեհափառ Տե'ր, մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ շնորհակալ է Ձեզ այս անսպասելի, բացառիկ պատվի համար, որին դուք արժանացրեցիք Ալեք եւ Մարի Մանուկյաններին: Բառերով հնարավոր չէ արտահայտել մեր երախտագիտությունը:

Դուք անմահացրեցիք մեր ծնողների գործը եւ նրանց կյանքի երկար տարիների նվիրվումն իրենց Եկեղեցուն եւ ժառանգությանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյան, մեր ընտանիքը շնորհակալ է Ձեզ այն ամենի համար, որ դուք արել եք: Մենք երբեք չենք մոռանա այն տպավորիչ ընդունելությունը, երբ ժամանեցին մեր ծնողները, եւ այսօրվա հուզիչ հուղարկավորությունը: Անգամ հայրս, իր բոլոր երազանքներով հանդերձ, չէր կարող պատկերացնել անցնող այս օրերը:

Մենք կցանկանայինք նաեւ մեր խորին գնահատանքը հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին` այսօր մեզ միանալու համար, Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին եւ Վարչապետ Սերժ Սարգսյանին եւ° օդանավակայանում եւ° այսօր, Սուրբ Էջմիածնում իրենց ներկայության համար:

Մամլո հաղորդագրություններ:
Սուրբ Էջմիածնում հողին հանձնվեցին Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները