ՏԻԱՐ ՌԻՉԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
Մեծարգո պարոն Նախագահ, Ձերդ Սրբություն, հարգելի հյուրեր:
Քույրս եւ ես ուխտի ենք եկել այս սրբավայր` մեզ հետ բերելով մեր ծնողների աճյունները, որպեսզի հանգչեն այստեղ:
Նրանց կյանքը մեզ համար շողացող մի արահետ է խորհրդանշել` մշտապես ուղղված դեպի Հայաստան հինավուրց երկիրը:
Թեպետ հայրս իր կյանքում չնախընտրեց միանալ հոգեւորականների սրբազան շարքերին, սակայն սրտի խորքում մշտապես մեծ սեր է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Նրա խորին հավատը եւ իր նախնիների հավատի նկատմամբ իր նվիրումը առաջնորդել են նրան ողջ կյանքի ընթացքում, եւ ահա թե ինչու հայրս այդչափ աջակցել է Հայ Եկեղեցուն` երիտասարդ տարիներին ծառայելով որպես սարկավագ եւ իր կյանքի ընթացքում աղոթատներ կառուցելով:
Հայ Եկեղեցու ճարտարապետության հրաշալի նմուշներից մեկը Դիթրոյթի Սբ. Հովհաննես Եկեղեցին է, որը կառուցվեց հորս աջակցությամբ այն բանից հետո, երբ ճարտարապետներ առաքվեցին Հայաստան` ուսումնասիրելու պատմական լավագույն նմուշները:
Մենք հասկանում ենք, որ միայն Հայոց Կաթողիկոսների աճյուններն են ամփոփված այս սրբավայրում եւ իմ ծնողների մարմինների ամփոփումն այստեղ բացառություն է: Սա հատուկ պատիվ է նրանց` ընծայված Հայ Եկեղեցու կողմից` ի գնահատություն նրանց նվիրումի եւ ծառայության Հայաստան մեր Հայրենիքին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Հայրս միշտ հաճույքով էր հիշում Հայաստանում անցկացրած ժամանակը` հատկապես այն օրը, երբ այստեղ կատարվեց Ալեք եւ Մարի Մանուկյանների գանձատան բացումը: Նա իր սրտի զգացումներն արտահայտեց` ասելով. «Յուրաքանչյուր մարդ կյանքում ունի երազանք: Իմ երազանքը մշտապես եղել է այն, որ մեր նախնյաց հայրենիքի շինությանը կարողանամ ավելացնել իմ սեփական աղյուսը
… Ես ինձ շնորհընկալ եմ զգում, որ հնարավորություն եմ ունեցել մի քար դնել Հայրենիքիս սրբազան հողի վրա` Սուրբ Էջմիածին սրբազնագույն սրբավայրում»:Ես համոզված եմ, որ հորս հոգին միշտ բնակվել է այս սրբավայրում եւ այսօր նրա մարմինը, ինչպես նաեւ մորս մարմինը, միանում են. մարմինը եւ հոգին միասին հավետ հանգչելու են այստեղ:
Ծնողներս Հայաստան այցելել են նախքան անկախության հռչակումը, եւ նրանց ընդունեցին որպես բարերարների: Հայաստանի անկախացումը նրանք եւս ողջունեցին մեծ ուրախությամբ, քանզի անկախությունը հնարավորություն տվեց հայ ժողովրդին Սփյուռքում եւ Հայրենիքում միավորվել հանուն Հայաստանի ապագայի:
Նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իմ հորը պատվեց Ազգային Հերոսի կոչմամբ` գնահատելով նրա բազում արարումները: Նա Հայաստանից դուրս բնակվող առաջին անձն էր, որ այսպիսի մեծ պատվի արժանացավ այդ ժամանակ: Մանուկյան անունը նաեւ շնորհվեց Հայաստանի եւ Ղարաբաղի հաստատություններին եւ փողոցներին: Ծնողներս բարձր գնահատեցին այս պատիվներն իրենց կենդանության օրոք եւ ես վստահ եմ, նրանց հոգիները ցնծում են` տեսնելով Հայաստանի բարգավաճումը:
Հայրս հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ վերջինս Դիթրոյթ էր այցելել որպես Լեռնային Ղարաբաղի նախագահ, եւ նա մշտապես ուրախությամբ էր հիշում այդ հանդիպումը: Այսօր ես համոզված եմ, որ հայրս ինչպես եւ մենք, մեծ պատիվ կհամարեր, որ նախագահը մասնակցում է իմ ծնողների աճյուններն իրենց սիրելի նախնյաց երկիր փոխադրման արարողությանը:
Մեր ծնողները մեր ընտանիքի համար ուղեգիծ են հաստատել` նպաստելու Հայաստանի զարգացմանը, Եկեղեցու եւ հավատի զորացմանը. եւ մենք շարունակում ենք իրենց հաստատած ավանդույթը:
Իմ քույր Լուիզը շարունակեց հորս գործը` բազում տարիների գործունեությամբ ՀԲԸՄ-ում եւ Հայաստանում իր կողմից իրականացվող բազում ծրագրերով:
Հայաստանից բացի մեկ այլ տեղ չեմ կարող պատկերացնել, ուր ծնողներիս հոգիները կարող էին գտնել իրենց հավերժական հանգիստը: Այսօր մենք ավարտին ենք հասցնում նրանց կյանքի ճամփորդության վերջին հատվածը, եւ շնորհիվ Նորին Սրբություն Գարեգին Բ-ի ազնիվ որոշման, նրանք իրենց տեղը գտան մեր Եկեղեցու սրբազան հայրապետների կողքին:
Ես շնորհակալ եմ Հայաստանի պետական այրերին եւ Հայոց Եկեղեցուն այն ամենի համար, ինչ իրենց արեցին ի պատիվ իմ ծնողների:
Աստված օրհնի նրանց հոգիները:
Մամլո հաղորդագրություններ:
Սուրբ Էջմիածնում հողին հանձնվեցին Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները