Վերաօծվեց Սվերդլով գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին

Հունիսի 19-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի Նշխարաց Գյուտի տոնին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, կատարվեց Սվերդլով գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությունը: Սրբազան Հոր ձեռամբ եւ թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ` օծվեցին Սուրբ Սեղանը, Խորանը, Մկրտության Սուրբ Ավազանը: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Ստեփանավանի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վռամ աբեղա Ղազարյանը:

Սվերդլով գյուղի VI դարի Սուրբ Գեւորգ եկեղեցին Լոռվա վաղմիջնադարյան թաղածածկ միանավ եկեղեցիներից է, այն գտնվում է գյուղի հյուսիսարեւելյան բարձրադիր մասի միջնադարյան գերեզմանոցի տարածքում: Ներկայումս եկեղեցին գրեթե ամբողջական տեսքով է` շնորհիվ 19-րդ դարի վերակառուցողական աշխատանքների, որի ժամանակ հավելվել է նաեւ եկեղեցուն կից զանգակատունը: 2009թ. եկեղեցին վերանորոգվեց Գուգարաց թեմի առաջնորդարանի եւ «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի Ստեփանավանի տարածաշրջանի գրասենյակի համաֆինանսավորմամբ:

Համայնքի համար բացառիկ իրադարձություն էր այս տոնախմբումը, քանզի յոթ տասնամյակ շարունակ հավատացյալները զրկված էին համատեղ աղոթելու հնարավորությունից: Եվ ահա` հունիսի 19-ին եկեղեցու զանգերը կրկին ղողանջեցին եւ սրբավայրի դռները բացվեցին հավատավոր հայորդիների առջեւ:

Վերաօծման արարողության ավարտին թեմակալ առաջնորդն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքեր ուղղեց ներկաներին եւ պատգամեց` խոնարհությամբ, հավատով եւ աղոթքով հարստացնել Տիրոջ տունը, սրբությամբ պահել վերաօծված աղոթատեղին, ուր յուրաքանչյուր բարեպաշտ հայորդի ի խորոց սրտի աղոթք կմրմնջա առ Բարձրյալն Աստված եւ ի մխիթարություն ծարաված հոգիների, որոնք կհագենան Աստծո խոսքով եւ իրենց կյանքը կկառուցեն Սուրբ Ավետարանի պատգամներով: Ապա, Սրբազան Հայրը, առ ի գնահատական, «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի Ստեփանավանի տարածաշրջանի գրասենյակի աշխատակիցներին նվիրեց օրհնության գիր:

Արարողությանը ներկա էին Տաշիրի եւ Ստեփանավանի հոգեւոր հովիվները, մարզային իշխանության ներկայացուցիչներ եւ բազմաթիվ հավատացյալներ:

Հավարտ Պատարագի ներկաներին գյուղապետի կողմից մատուցվեց ավանդական մատաղը:

Դիվան Գուգարաց թեմի