Վերաօծվեց Չկալով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Վերաօծվեց Չկալով գյուղի Սուրբ  Աստվածածին եկեղեցին 22.10.2012
Վերաօծվեց Չկալով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

     Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղի 1862 թ. վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն իրենից ներկայացնում է երկթեք կտուրով միանավ եկեղեցի, ժամանակի եւ բնական ազդեցությունների հետեւանքով ֆիզիկապես մաշվել եւ քայքայվել էր: Կղմինդրով եւ ազբոշիֆերներով կառուցված տանիքի որոշ հատվածներում առաջացել էին բացվածքներ եւ անցքեր, որոնցից անձրեւաջրերը ներս էին թափանցում, քայքայում պատերը, ողողում եկեղեցու սրահը:      Արձագանքելով գյուղի բնակչության խնդրանքին` եկեղեցու փլուզումը կանխելու եւ սրբազան արարողություններ կատարելու նպատակով, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ` ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը անձամբ նախաձեռնեց եկեղեցու վերակառուցման հովանավորությունն ու ղեկավարեց աշխատանքները` հիմնովին փոխվեց ծածկը, ամրակայվեցին հիմնապատերը, կառուցվեց խորանն ու Սուրբ Սեղանը, կատարվեցին տարածքի հսկայածավալ մաքրման աշխատանքներ, սալապատվեց, պարսպապատվեց եկեղեցու եւ դպրոցի շրջապատը, եկեղեցուն կից վերակառուցվեց հովվատունը, քանդակազարդ շքեղ դուռը առանձնահատուկ տեսք հաղորդեց եկեղեցուն: Իրականացվեցին ներքին հարդարման, կահավորման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները: Սույն թվականի հուլիսի 4-ին, ձեռամբ թեմակալ առաջնորդի, օծվեց եւ տանիքին տեղադրվեց եկեղեցու բարձրադիր խաչը:     Հոկտեմբերի 20-ին ձեռամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կատարվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Վերաօծման արարողությանը մասնակցեցին Վանաձորի հոգեւոր հովիվներ Տ. Վահան եւ Տ. Օհան քահանա հայրերը: Պատարագիչն էր Տ. Օհան ավագ քահանա Լուսարարյանը: Արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետը,պատգամավորներ, Կարեն Սարիբեկյանի զինակից ընկերները, հյուրեր Երևանից, բազմաթիվ ուխտավորներ, Չկալովի գյուղապետը, համայնաքապետերը, գյուղի դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ, հավատացյալներ: Արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց բարերար Կարեն Սարիբեկյանին, գյուղի բնակիչներին եւ բոլոր ներկաներին` շնորհավորելով աղոթավայրի վերաօծման առիթով, եւ առ ի երախտագիտություն Օրհնության գիր հանձնեց բարերարին` նվիրեց մեր Տիրոջ Պայծառակերպության խորհուրդը պատկերող մանրանկար:
     Սրբազան Հայրը շնորհակալական խոսք ասաց նաեւ եկեղեցուն սրբապատկերներ եւ գորգեր նվիրաբերած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանին, Լոռու մարզի փոխմարզպետ Արսեն Դարբինյանին, Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանին ու կրթության վարչության պետ Մինաս Սայադյանին:          
     Հավարտ սրբազան արարողության` ներկաներին մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ: