Վերաօծվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցին
Հուլիսի 7-ին օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի եւ մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ.Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ու Կոտայքի թեմի հոգեւ որ դասի վերաօծվեց Առինջ գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցին: Օրվա պատարագիչն էր Առաքել եպիսկոպոս Քարամյանը:
Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին վեր էր ածվել պահեստի եւ զգալիորեն վնասվել` պատերը սվաղվել էին կրով, սալահատակը եւ պատերի սրբատաշ հատվածները` վնասվել: Հետագայում կառուցվել է նոր պահեստ, եկեղեցին դատարկվել է եւ անուշադրության մատնվել: Գյուղում կառուցված նոր ճանապարհի պատճառով եկեղեցին հայտնվել էր փոսում եւ մինչեւ 1.5 մետր ծածկվել հողով: Ձնհալից եւ անձրեւներից եկեղեցու հիմքերն ու սրահը ողողվում էին ջրով, որի հետեւանքով այն հայտնվել էր վթարային վիճակում:
2006թ. պոլսահայ ազգային բարերար Մկրտիչ Սերթշիմշեքն այցելեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ, ազդվելով եկեղեցու վիճակից, հանձն առավ եկեղեցու վերանորոգությունը: Եկեղեցու վերանորոգմանը մեծ նպաստ են բերել նաեւ պոլսահայ ազգային բարերարներ Պետրոս Շիրինօղլուն, Կ. Պոլսի Բերայի Սբ. Երրորդություն եկեղեցու թաղային խորհուրդը` գլխավորությամբ Աբիգ Հայրապետյանի, Առինջի գյուղապետ Գագիկ Սարգսյանը, Առինջի բնակիչ, գործարար Գեղամ Ջանվելյանը եւ այլոք:
«Սիրիր ժողովուրդ այս եկեղեցին քարեղեն կառույց է, բայց որպեսզի այն վերածենք հոգեւոր կառույցի` Աստծու տանն անհրաժեշտ է, որ մեր ամենօրյա այցելությամբ աղոթքով այս քարերին կենդանություն պարգեւենք եւ այն լցնենք ոսկորով, մսով, ջիղով եւ արյունով»,եւ օծումից հետո իր շնորհավորական խոսքում նշեց առաջնորդ Սրբազան Հայրը:
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին բարերար Մկրտիչ Սերթշիմշեքը, ՀՀ կառավարության, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: